ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ-ում կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր անդրադառնալով Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հարցին, հայտարարեց, թե Մաքսային միությունը բացի տնտեսականից նաև քաղաքական միավոր է և, որ Հայաստանն այսօր պետք է հստակեցնի իր արտաքին քաղաքականության վեկտորը՝ հայտարարելով, որ մենք սկսում ենք Մաքսային միությունից և հասնելու ենք մինչև Եվրասիական միություն: Ընդ որում, «ոչ թե Եվրասիական միությունից միայն տնտեսական մասով, այլ քաղաքական մասով»,- ասաց Արմեն Ռուստամյանը, հավելելով, նաև, թե «պետք է այդ խիզախությունն ունենանք հայտարարել, որովհետև նույն Ռուսաստանն է ասում, ինչ է պատկերացնում այս գործընթացի վերջում, եթե դու մտել ես այդ գործընթացի մեջ, ուրեմն նույն պատկերացումները պետք է ընդունես, իսկ Ռուսաստանն այսօր բոլորի աչքի առաջ ձևավորում է աշխարհաքաղաքական լուրջ բևեռ»:

 

Արմեն Ռուստամյանի համոզմամբ,ստեղծված նոր իրավիճակում Հայայստանը նաև պարտավոր է հստակ հայտարարել, որ «այն ասոցացման համաձայնագիրը, որը մինչև սեպտեմբերի 3-ը գոյություն ուներ, այլևս գոյություն չունի»:

 

Այդուհանդերձ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը չբացառեց, որ հետագայում Հայաստանը կարող է Եվրոպայի հետ այլ համաձայնագրի ևս միանալ, սակայն դա կինի հարաբերությունների արդեն այլ մակարդակ: «Դրանցից մի քիչ ավելի հեռավորը, ոչ ասոցացմանը, որը կարող է համապատասխանել մեր այսօրվա վիճակին»,- մեկնաբանեց Ա. Ռուստամյանը:

 

Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշմանը, ապա Արմեն Ռուստամյանը այդ քայլը որակեց իբրև այլընտրանք չունենալու հետևանք:

 

«Եթե դու չունես այլընտրանք, պետք է ամրապնդես այն, ինչ ունես: Իսկ մենք այլընտրանք չունենք, առնվազն 2 գլխավոր բաղադրիչով՝ ռազմական և էներգետիկ, իսկ սա մեզ համար լինել-չլինելու հարց է: Եթե կամ-կամի առաջ ես կանգնել, կենսական անհրաժեշտությունից մղված պետք է խնդրին մոտենաս, իսկ մեր կենսական անհրաժեշտությունն այդ էր պահանջում: Մենք չկարողացանք դա ստանալ այլ դաշտում, միայն Ռուսաստանով պայմանավորվեց մեր անվտանգությունը և դա փաստ է »:,- նշեց պատգամավորը:

 

Իսկ թե ինչու Հայաստանը հայտնվեց նման իրավիճակում, ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց, արդեն այլ քննարկման թեմա է:

 

Հեղինակ` «Փաստինֆո»