PanARMENIAN.Net  Սաուդյան Արաբիան համալրում է Բաշար Ասադի զորքերի դեմ կռվող գրոհայինների շարքերը մահապատժի դատապարտված հանցագործներով: Այդպես, ըստ USA Today-ի հոդվածի, մահապատժի դատապարտված գրեթե 1300 կալանավորներ միացել են ապստամբ ուժերին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:


Դեռ ապրիլին Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունն առաջարկեց մահապատժի դատապարտված 1239 կալանավորներին ներում շնորհել և ամսական դրամական մուծում կատարել նրանց ընտանիքներին, եթե նրանք մասնակցեն Սիրիայում ընթացող մարտական գործողություններին:


Ըստ USA Today-ի տվյալների, Սիրիա մեկնած գրոհայինների թվում կան Աֆղանստանի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Պակիստանի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի, Քուվեյթի և Եմենի քաղաքացիներ: Նրանք բոլորը դատապարտվել են մահապատժի Սաուդյան Արաբիայում սպանությունների, բռնաբարությունների ու թմրանյութերի տարածման համար:


Քաղաքացիական պատերազմից ի վեր ընդդիմության կողմից կռվում է մոտ 5 հազար ջիհադիստ ամբողջ աշխարհից, հիմնականում նրանք «Ալ Քայիդային» ենթակա խմբավորումներից են Սաուդյան Արաբիայից, Աֆղանստանից, Լիբիայից, ինչպես նաև Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից: Կան նրանց թվում նաև ԱՄՆ քաղաքացիներ:
Ըստ ԱՄԿ տվյալների, շուրջ 100 հազար մարդ է զոհվել և 2 միլիոնը հեռացել է երկրից 2011թ. մարտին Ասադի դեմ ապստամբության մեկնարկից ի վեր: Իսլամիստները քանդել են բազում եզակի պատմական հուշարձաններ, այդ թվում՝ մահմեդական: