Lragir.am Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին ճաշել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների դեսպանների հետ, մատուցելով նրանց սեպտեմբերի 3-ին իր «եփած ճաշը»: Բուն սեղանին իհարկե դրված կլինեին խոհարարական աշխատանքները, իսկ ահա սեղանի շուրջ հիմնական թեման բնականաբար եղել է դիվանագիտականը՝ Ասոցացման համաձայնագրից Հայաստանի կտրուկ շրջադարձը դեպի Մաքսային միություն:


Պաշտոնական Երեւանը դրանից հետո Եվրոպայի հետ ինտենսիվ շփումների մեջ է, ինչը մեղմ ասած կասկածի տակ է դնում այն պնդումները, թե Եվրոպան տեղեկացվել է Մաքսայինի վերաբերյալ որոշման մասին:
Ճաշի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ սեղանի շուրջ տեղի է ունեցել անկեղծ ու անկաշկանդ քննարկում: Եթե անկեղծն ու անկաշկանդը նշվում են, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է եղել քննարկումը: Չի բացառվում, որ դեսպանները նաեւ դուրս եկած լինեն դիվանագիտական էթիկայի շրջանակից, առավել եւս, որ Սերժ Սարգսյանն այդ շրջանակից դուրս է եկել ավելի շուտ: Նրա կատարած քայլը որեւէ կերպ չի տեղավորվում թե դիվանագիտական, թե որեւէ այլ էթիկայի շրջանակում:


Սակայն, Եվրոպան կարող է ինչ ասես ասել Հայաստանին, բայց գլխավոր հարցը ներկայում այն է, թե ինչ անել եւ ինչպես վարվել Հայաստանի հանդեպ: Հայաստանը քարտեզի վրայից չի վերացել, դե յուրե շարունակում է մնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, շարունակում է ունենալ Արցախի եւ հայ-թուրքական առանցքային խնդիրներ, իսկ հայ ժողովուրդն էլ շարունակում է հանդիսանալ տարածաշրջանում ստեղծագործական պոտենցիալով առաջատար հանրույթը, որքան էլ որ իշխող համակարգը կաղապարել, ճնշել է այդ պոտենցիալն ու շահագործում է բացառապես հանուն անձնական շահի:


Ինչպես վարվել: Սա Եվրոպայի խնդիրն է այժմ, կամ Արեւմուտքի ընդհանրապես: Այդ տեսանկյունից, հատկանշական էր օրերս Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսի օրերս արած հայտարարությունը, ինչը որոշակիորեն աննախադեպ քայլ էր:


«Դեսպանատունը շարունակելու է նաեւ աջակցել եւ քաջալերել ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը: Հայ հասարակության բոլոր շերտերի հետ ունեցած հանդիպումներից ստացածս հստակ ուղերձն այն է, որ նրանք իրենց ավելի լայն եվրոպական ընտանիքի մաս են համարում: Հաջորդ 4 ամիսները ցույց կտան նաեւ Հայաստանի հետ Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը», հայտարարել էր Մեծ Բրիտանիայի դեսպանը:


Արդյոք հետագա աշխատանքի բրիտանական խանդավառությունը կիսում են Եվրամիության մյուս առանցքային երկրները՝ Գերմանիան ու Ֆրանսիան: Մինչ այժմ, ավելի շատ խոսել են Արեւելյան Եվրոպայի երկրների դիվանագետները, որոնց հայտարարությունները եղել են կոշտ եւ հոռետեսական: Այստեղ միգուցե խոսում է այն, որ Հայաստանի հարցում նրանք հանդիսացել են Արեւմտյան Եվրոպայի միջնորդ, ու եթե այժմ Հայաստանը կատարում է շրջադարձ, փաստացի դրանով անբավարար է ստացվում միջնորդների արձագանքը: Հավանաբար դա է նաեւ պատճառը, որ Արեւելյան Եվրոպայից Հայաստանի որոշման հանդեպ արձագանքը բավական կոշտ էր՝ առանց ավելորդ դիվանագիտության կամ աշխարհքաղաքականության:


Արեւմտյան Եվրոպայի երկրները՝ Եվրամիության առաջատարները, հավանաբար մտածում են Հայաստանի հետ ավելի շատ անմիջական, ուղղակի, չմիջնորդավորված աշխատանքի մասին: Համենայն դեպս, Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունը վկայում է այդ մասին: ԱՄՆ կարծես թե ավելի տեւական ժամանակ է, որ անցել է աշխատանքի այդ մեթոդին եւ բավական ակտիվ է դեսպան Հեֆերնը:


Առանցքայինն այստեղ բնականաբար լծակների հարցն է: Ինչ լծակներով ու խողովակներով է լինելու աշխատանքը, ինչպիսին է լինելու այդ ամենում Հայաստանի իշխանության նոր դերը, որովհետեւ ակնհայտ է, որ սեպտեմբերի 3-ից հետո այդ դերը չի կարող լինել այն, ինչ որ մինչ այդ էր: Եթե այդ դերը շարունակի լինել նույնը, ապա դա առնվազն կվկայի Եվրոպայի անհամարժեք արձագանքի մասին: Հայաստանի հետ Արեւմուտքի հարաբերության տիրույթում պետք է էապես աճի հասարակական սեկտորի դերը:


Բայց կա նաեւ մի կարեւոր խնդիր: Այստեղ հիմնական գործիք են դիտվում դրամաշնորհները, երբ տարբեր քաղաքացիական կամ ժողովրդավարական ծրագրերի ներքո հատկացվում են հսկայական փողեր, որոնք էլ առավեապես ամփոփվում են տարբեր դահլիճներում՝ հաճախ ամառանոցային: Լայն հասարակական էֆեկտ այդ ամենից չի ստացվում: Հետեւաբար, նախ այդ առումով պետք է տեղի ունենա մեթոդաբանության, թիրախների եւ գործիքակազմի վերանայում:


Սակայն, դրանից ավելի կարեւոր է զուտ տնտեսական ներդրումների խնդիրը: Այստեղ միգուցե Արեւմուտքը մինչեւ այժմ առաջնորդվել է չափազանց պրագմատիկ հաշվարկով՝ ինչու ներդրումներ անել, եթե չկան քաղաքական կամ քաղաքակրթական երաշխիքներ: Մինչդեռ, գուցե ամեն ինչ հակառակն է՝ ներդրումները եւ սոցիալական էֆեկտը կդառնան քաղաքականի եւ քաղաքակրթականի երաշխիքներ:


Իհարկե, կա որոշակի ռիսկ, թե արդյունավետության, թե ժամանակի իմաստով: Սակայն, նախ, արեւմտյան տերությունները կարծես թե ունեն բավականաչափ լծակներ իրենց ներդրումները Հայաստանում պաշտպանելու հարցում: Եվ բացի այդ, եթե Արեւմուտքը Հայաստանում պատրաստ չէ ներդրումների ռիսկի՝ իսկ ռիսկային է ցանկացած ներդրում, անգամ ամենաբարենպաստ բիզնես միջավայրում, ապա գուցե պետք չէ ավելորդ առաջարկներով ռիսկի ենթարկել Հայաստանը, առավել եւս երբ ակնհայտ է, որ Հայաստանը չունի այդ ռիսկերին համարժեք գտնվելու բավարար պոտենցիալ՝ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով: