Փակ շուկայի շենքը շահագործման է հանձնվել 1952 թվականի ապրիլի 28-ին։ Այսօր այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Շենքի վերակառուցման թեման վերջին շրջանի հայկական լրահոսի թերևս ամենաշահարկված թեման է: Մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ համարելով, որ խաթարվում է ճարտարապետական հուշարձանի տեսքը, մյուս կողմից կազմակերպվել են ակցիաներ, որի մասնակիցները կողմ են արտահայտվել շուկայի վերագործարկմանը՝ նոր տեսքով: Խնդիրը դարձել է լայն հասարակական քննարկման առարկա, սակայն շինարարությունը շարունակվում է, որովհետև Մշակույթի նախարարության Հուշարձանների պաշտպանության գործակալությունը տվել է համապատասխան եզրակացություն: Տարածքի ներկայիս սեփականատերը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, դժգոհություն է հայտնել Փակ շուկայի հետ կապված դեպքերին լրատվամիջոցների արձագանքից: «Ես վատ բան չեմ անում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը: Վերջինս դժգոհել է լրագրողներին, որ իր կատարած լավ ու բարի արարքները չեն լուսաբանվում, և ասել. «Մի օր խիղճը կգա, ձեզ կխեղդի, ճիշտը կգրեք»:


MediaMall.am-ը ևս մանրամասն լուսաբանել է շուկայի հետ կապված իրադարձությունները, հանդես եկել դեպքերի լուսաբանմամբ և մեկնաբանություններով: Քանի որ Ազգային ժողովում Սամվել Ալեքսանյանը առաջարկում էր գնալ և ներկայացնել իր արած նաև լավ գործերը՝ մենք որոշեցինք, ելնելով հարցի համակողմանի և չեզոք լուսաբանման մեր սկբունքից, գնալ և տեղում ծանոթանալ Փակ շուկայի ներկայիս վիճակին:


Կառույցի առջևի մայթերը վերանորոգման էին ենթարկվում: Շինարարները նշեցին, որ տարածքի բարեկարգման աշխատանքները պատվիրել է Փակ շուկայի տնօրինությունը: Երբ շուկայի աշխատակիցներից մեկին ներկայացանք որպես լրագրողներ՝ նա համաձայնվեց ցույց տալ տարածքում ընթացող շինարարությունը: Շուկայի աշխատակիցը չնշեց իր անուն-ազգանունը, բայց ասաց, որ պատրաստ է ուղեկցել մեզ: Եղանք ավտոկայանատեղիում, որտեղից շարժասանդուղքով մուտք էր բացված դեպի շուկա: Ապահովված էր ավտոմեքենաների առանձին ելքային և մուտքային ուղիները: Մեզ ասացին, որ շուկայի ետնամասում ևս մեկ ընդարձակ կայանատեղի կա:


Նկարահանումներ կատարեցինք նաև շուկայի ներսում: Մեր հարցին, թե ինչու շուկայի փոխարեն կառուցվեց սուպերմարկետ՝ շինարարները մեզ ուղեկցեցին տաղավարների մոտ, որոնք մեծ թիվ էին կազմում և բավականին ընդարձակ էին: Այդ տարածքը հենց շուկայի համար է նախատեսված: Շինարարներից մեկը պնդեց, որ շուկայի աշխատակիցների թիվը անհամեմատ ավելին է լինելու, քան եղել է նախկինում: Նախկին աշխատակիցները կշանունակեն աշխատել նորակառույց Փակ շուկայում: Ի դեպ, կառույցը անվանափոխության չի ենթարկվելու, շարունակելու է կրել հին անունը՝ Փակ շուկա:

 

Հարցրեցինք ճարտարապետական տեսքի խաթարման մասին: Մեզ ցուցադրեցին շենքի ճակատի վերականգնված և մաքրված մասերը, որոնք տարիների ընթացքում մաշվել և խամրել էին: Այժմ դրանք թարմացվել էին:


Հարց ուղղեցինք կառույցի ճարտարապետության անբաժանելի մասը համարվող չուգունե դարպասների մասին: Տեղեկություններ կային, որ Սամվել Ալեքսանյանը դրանք փոխարինել է ալյումինե կոնստրուկցիաներով՝ խաթարելով շենքի ճարտարապետական տեսքը: Սակայն մենք կարողացանք տեղում նկարահանումներ կատարել և հավաստիանալ, որ չուգունե կոնստրուկցիաները իրենց տեղում են և շարունակելու են ծառայել բուն նպատակին:


Մենք այս հարցի շուրջ մշտապես փորձել ենք ներկայացնել համակողմանի, անաչառ լրահոս: Այժմ ներկայացրեցինք իրականությունը՝ շուկայի ներսում ընթացող շինարարության մասին: Կից ներկայացնում ենք մեր ֆոտոռեպորտաժը:

 

Մնացածը թողնում ենք ընթերցողի դատին: