Սիրուհու հետ հարցերը պարզաբանելու և նրա հետ հաշտության եզրեր գտնելու փորձն ավարտվել է սպանությամբ, որի վերաբերյալ գործը մակագրվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանին:

 

Ըստ մեղադրանքի 43-ամյա Հակոբ Նահապետյանը 09.02.2013թ ժամը 18:00-ի սահմաններում իր սիրուհի Վեդի քաղաքի բնակչուհի Ա. Ավետիսյանի հետ իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի «Խանումի ձոր» կոչվող վայրից ոչ հեռու գտնվող ցորենի արտի մոտ՝ նախորդ օրվա միջադեպը պարզաբանելու, հաշտության եզրեր գտնելու նպատակով:

 

Սակայն ժամը 19:30-ի սահմաններում, նույն հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ սիրուց լսելով վիրավորական բառեր իր ընտանիքի հասցեին, առաջադրված մեղադրանքի համաձայն, վրեժխնդիր լինելու ցանկությամբ նախ ձեռքերով հարվածներ է հասցրել նրան' պատճառելով արյունազեղումներ ճակատին և ստորին կոպերին, վերին և ստորին շրթունքներին, գլխի մաշկի տակ ձախ ճակատային շրջանում, քերծվածքներ ձախ այտին, վերին շրթունքին, կրծքավանդակի առաջնային և հետին մակերեսներին, որից հետո ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքերով սեղմել է Ա. Ավետիսյանի պարանոցը, պատճառել մեխանիկական շնչահեղձություն և խեղդամահ անելով սպանել է նրան:

 

Հակոբ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: -