tert.am «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը շատերը համարեցին մի ինչ-որ խնդրի ավարտ, սակայն իրավիճակը ճիշտ հակառակն է։ «Սա նոր սկսված պատերազմի սկիզբն է»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

 

Վերջինիս կարծիքով՝ Ռուսաստանն արեց այն, ինչի մասին բոլորը խոսում են. շատ կոշտ ճնշման ներքո է այդ որոշումը կայացվել. «Մի քանի տարի շարունակ բանակցություններ է վարվում Եվրամիության հետ, մեկ էլ մեկ օրվա մեջ Հայաստանը փոխում է տեսակետն այն դեպքում, երբ երեք-չորս տարի խոսվում էր Եվրամիությանն անդամակցելու մասին»։

 

 «Ռուսաստանի ճնշումն անսպասելի էր մեր քաղաքական դաշտի համար, բայց անսպասելի չէր այն ուժերի համար, որոնք տեր ու տիրական են Հայաստանին: Այն, որ ստորագրել է ՄՄ-ին անդամակցելու փաստաթուղթ, եղել է Միացյալ Նահանգների ազդեցության տակ, և մենք ունենք իշխանություն, որն ամբողջովին ԱՄՆ-ի կառավարման տակ է»,- ասաց Աշոտ Մանուչարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար բոլոր որոշումները կայացվում են ԱՄՆ-ի կողմից. «Ցուցափեղկի վրա գրված է Ռուսաստան, տակը նստած են ամերիկացիները»:

 

Նա նաև նշեց, որ պայքարն ավարտված չէ, հիմա գնալու է ուժերի կուտակման գործընթաց, Ամերիկան փորձելու է նորից Հայաստանը մտցնել ԵՄ-ի մեջ, որովհետև ԵՄ-ն Միացյալ Նահանգների կողմից Եվրոպան կառավարելու համակարգ է: «Մենք պետք է շատ ուշադիր լինենք, Եվրոպան մեզ համար շատ կարևոր ուղղություն է, բայց պետք չէ դա խառնել Եվրամիության հետ»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է այդ հարցի շուրջ երկրում ստեղծված տարակարծություններին, Աշոտ Մանուչարյանն ասաց, որ այդ կամակատարության շնորհիվ կարող են այստեղ բախումներ լինել. «Մենք կարող ենք ֆիզիկական զինված բախման հասնել»:

 

Մանուչարյանը նաև կարծիք հայտնեց, որ ՄՄ մտնելը չի նշանակում դերակատարների փոփոխություն. ռուսները շատ զգույշ են և լավ զգում են, թե իրենց և ԱՄՆ-ի միջև ինչ տարբերություններ կան տեխնիկական առումով:

 

Թե իրադարձությունների նման զարգացումն ինչի կհանգեցնի, քաղաքական գործիչը պատասխանեց. «Ամենահավանականը լինելու է այն, որ մենք նոր Հայաստան ենք ստանալու, ազատամարտիկների էսպիսի պայքարը լավ հնարավորություն է ստեղծել դրա համար, և, կարծես թե, քաղաքական ուժերը, որոնց հետ ազատամարտիկներն ինտենսիվորեն կապի մեջ են, հակում ունեն փորձելու միասնական լուծել այս իրավիճակը»: