PanARMENIAN.Net  Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից, դրան հաջորդող մամուլիս ասուլիսից, ինչպես նաև այդ շրջանակում կրթության նախարարների հետ հանդիպումից հետո ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդիպել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետ Տիգրան Սարգսյանին:

 


Նախագահի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ու հետագա գործակցության վերաբերյալ: Քննարկվել են մինչ այս երկկողմ ջանքերի արդյունքում արձանագրված ձեռքբերումների հիման վրա հարաբերությունները կառուցելու և հետագա գործակցությունը զարգացնելու հեռանկարները, ինչպես նաև Վիլնյուսում Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ օրակարգային ու նախապատրաստական աշխատանքները, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

 


Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի վճռականությունը՝ շարունակելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների առանցքային լայնածավալ բարեփոխումներն և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունն և ակնկալում այս հանդիպման ընթացքում լսել այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք միտված են առկա ձեռքբերումների հիման վրա հարաբերությունների կառուցմանը:

 


Տիգրան Սարգսյան-Շտեֆան Ֆյուլե հանդիպմանը ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանադակությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերն ու, ինչպես և ՀՀ նախագահը, նշել, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ փոխգործակցության զարգացմամբ, տարբեր բնագավառներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման շարունակականությամբ և խորացմամբ:

 

Այդ համատեքստում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել նաև գործակցության հեռանկարներին և ուղղություններին, տեղեկացնմում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ավելի ուշ նախագահ Սարգսյանն ընդունել է նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտին, Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նատալյա Գերմանին, Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին, Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլիին, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին։

 

 

Հանդիպմանը մասնակիցներն ընդգծել են Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ երևանյան այս քննարկումների անհրաժշտությունը, խոսել Արևելյան գործընկերության շրջանակում միմյանց հետ գործակցությունը լավագույնս զարգացնելու հնարավորություններից:

 

 

Զրուցակիցներն ընդգծել են՝ Արևելյան գործընկերության անդամ երկրներից յուրաքանչյուրն՝ ունենալով իր առանձնահատկությունները, միաժամանակ բազմաթիվ ընդհանրություններ ունի անդամ մյուս երկրների հետ, որոնց վրա հաջողությամբ կարող է զարգացնել հետագա փոխգործակցությունը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկություն ունի մնալ Արևելյան գործընկերության երկրների շարքում ու շարունակել ամրապնդել հարաբերությունները տարբեր ձևաչափերով: