Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել սուտ մատնության հերթական գործը, ըստ որի՝ Լյուդմիլա Մկրտչյանն ասել է, որ N զորամասի նվագախմբի դիրիժոր, ավագ լեյտենանտ Նիկողոս Սուքիասյանը խոշոր չափի կաշառք է վերցրել տարբեր զինվորների ծնողներից՝ իրենց երեխաներին նվագախումբ տեղափոխելու համար:

 

Ըստ մեղադրանքի՝ 36-ամյա Լյուդմիլա Մկրտչյանը 21.02.2013թ ՀՀ ՊՆ N զորամասի տարածքից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 2013 թ ապրիլի 02-ին' ժամը 14:12-ի սահմաններում, գիտակցելով, որ իր տրամադրված տեղեկությունը կեղծ է, վրեժի շարժառիթով, ՀՀ ՊՆ Արարատի ՌՈ բաժանմունքում հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել' նույն զորամասի նվագախմբի դիրիժոր, ավագ լեյտենանտ Նիկողոս Սուքիասյանին մեղադրելով խոշոր չափի կաշառք ստանալու համար:

 

Լ.Մկրտչյանը նշել է, թե 2012 թ գարնանը Ն.Սուքիասյանը զորամասի զինծառայող Նորիկ Ջավադյանի հորից' Գարիկ Գրեյանից, վերցրած 800 ԱՄՆ դոլլարի դիմաց Ն.Ջավադյանին տեղափոխել է զորամասի նվագախումբ: Բացի այդ, նշել է, թե զորամասի զինծառայող Արեգ Մինասյանի կամ Սարգիս Հովակիմյանի մորից' Ռուզաննա Շահպարոնյանից, Ն.Սուքիասյանը վերցրել է 700 ԱՄՆ դոլար և նրա որդուն տեղափոխել նույն ստորաբաժանում, ինչպես նաև ոմն Գևորգի տված 200 ԱՄՆ դոլարի դիմաց Ն.Սուքիասյանը զինծառայողին տեղափոխել է նվագախումբ:

 

Կատարած սուտ մատնություն համար Լյուդմիլա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով' նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը: -