«Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, թե տարբեր ծրագրեր է իրականացնում, այդ թվում' Համաշխարհային բանկի հատկացրած վարկերով, բայց այդ ամբողջ օգնությունը աղքատ գյուղացուն չի հասնում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը: Նրա կարծիքով՝ գյուղոլորտի աճի վերաբերյալ ամբողջ վիճակագրությունը «նկարված թվեր» են:

 

Թեև այս տարի եղանակային պայմանները բարեհաճ գտնվեցին գյուղացու հանդեպ, բայց Սեդրակյանի խոսքով, թվերը «շատ են ճչացնում և, օրինակ, ցորենի նման բերք Կանադայում էլ գուցե չի լինում»: Գյուղատնտեսը նշեց, որ նախորդ տարիներին, ցորենի էլիտար սերմից ստացված առաջին վերարտադրության բերքի փոխարեն գյուղացուն «աղբ» են բաժանել, դրա պատճառով էլ անցած տարի լավ բերք չստացվեց:

 

Այս տարի, ըստ նրա, ցորենի բերքը համեմատաբար լավ է: «Մրգի վիճակը լավ է, բայց թե ի՞նչ բանջարեղեն ենք ուտում, դա խնդրահարույց է: Հողերը վատ վիճակում են՝ նորմալ վար չի արվում, 25 սմ խորության փոխարեն առավելագույնը 15 սմ խորությամբ են վարում, ագրոտեխնիկական պահանջները չեն պահպանվում ու հողերը դեգրադացվում են, վարակվում տարբեր հիվանդություններով ու վիրուսներով:

 

Իսկ այդ ամբողջ վարակները հողից անցնում են բույսին ու պտղին»,- նշեց Ս.Սեդրակյանը: Նրա խոսքով՝ հսկողություն չկա ոռոգման ջրի վրա, երկրում ծաղկում է հանքարդյունաբերությունը, պոչամբարների պոչերն արտահոսում են, թափվում գետերը ու հասնում դաշտեր, որոնց տված բերքը մենք ուտում ենք: Ս.Սեդրակյանի կարծիքով՝ լուրջ խնդիր կա ՀՀ ներկրվող սերմի հետ կապված. «Հայաստան է մտնում անորակ, չստուգված սերմ և հիմնականում՝ մաքսանենգ ճանապարհով: Դա «շատ բարձր տանիք» ունեցող բիզնես է:

 

Բերում են Թուրքիայից ու, ասենք, լոլիկի սերմը վաճառում են հատիկներով՝ յուրաքանչյուրը մնչև 300-400 դրամ: Ամբողջ Հայաստանում շատ սերմ կա, բայց եթե փորձեք հաշիվ-ապրանքագիր ուզել, չեն տա, մաքսանենգ ապրանք է: Գյուղացուն հետաքրքրում է' սերմի գինն էժան լինի, լոլիկի բերքն էլ՝ դիմացկուն, բայց որակ չկա: Բերում են գենետիկորեն մոդիֆիկացված սորտեր, հիբրիդներ, ժողովրդի վիճակն էլ լավ չի, էժանին են վազում, իսկ դա տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում, այդ թվում' ԳՄՕ-ն քաղցկեղ հիվանդության հիմքն է»:

 

Միաժամանակ լուրջ խնդիր է հողերի պարարտացման վիճակը, քանի որ Վրաստանից բերված ազոտակաան պարարտանյութի վրա թեև գրված է 34%-անոց, բայց ազդող նյութը հազիվ 20% է: Ընդ որում, ըստ Սեդրակյանի, վերջին տարիներին Հայաստանի հողերը պարարտացնում են միայն ազոտով, իսկ խիստ անհրաժեշտ կալիումական, ֆոսֆորական պարարտանյութեր, միկրոտարրեր հողին չեն տրվում, չնայած դրանք էլ խիստ անհրաժեշտ են լավ բերք ստանալու համար: