Երգչուհի, համատեղության կարգով օրենսդիր և ազգի դարդերի բալասան Շուշան Պետրոսյանը հաճախ է բողոքում, որ իր խոսքերը լրագրողները և ընդհանրապես հասարակությունը ճիշտ չեն ընկալում կամ ճիշտ չեն ներկայացնում: Չգիտեմ, միգուցե Շուշանը բոլորովին այլ բան է հայտարարում՝ մտքում տրամագծորեն հակառակը մտածելով, սակայն այդ երևույթի ընկալումը դուրս է իմ մասնագիտական շրջանակներից, որովհետև հոգեբանական այդպիսի դրսևորումները համալսարանական տարիներին մենք առանձին ուսումնասիրության նյութ չենք դարձրել:

 

Այն, որ պատգամավորուհին հենց ինքն է իր մասին բացասական հրապարակումների լիարժեք սկզբնաղբյուրը՝ կարելի է դատել Newsbook.am կայքի լրագրողի հետ նրա հարցուպատասխանից, ով զանգահարել էր երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին՝ իմանալու նրա կարծիքը քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կայացրած վճռի և խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին վճռի վերաբերյալ: Լրագրողը հետաքրքրվել էր նաև, թե կմիանա՞ արդյոք Շուշան Պետրոսյանն այն հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներին, ովքեր դատապարտում են Տիգրան Առաքելյանին կալանքի տակ պահելը և անձնական միջնորդություն են ներկայացրել՝ նրան ազատելու պահանջով:

 

Իհարկե, այս պահին բոլորը մտածում են, որ շուշանյան ինտելեկտը որևէ քաղաքակիրթ բացատրություն կգտներ՝ թեկուզ և արդարացնելու երգչուհու հակադիր դիրքորոշումը, բայց վաստակավոր երգչուհին ապշեցուցիչ հայտարարություն է արել. «Ներողություն, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը և ով է Տիգրան Առաքելյանը»: Լրագրողի պարզաբանման փորձերին ի պատասխան՝ ՀՀԿ-ի հույս ու հավատը անջատել է հեռախոսը:

 

Լավ, մի պահ պատկերացնենք, որ ազգի և մշակութային հարցերի համար ամբողջ օրը ոտուձեռ ընկած Մայր Թերեզան տասնյակ միջազգային զեկույցներում արձանագրված, հարյուրավոր իրավապաշտպանների կողմից հրապարակայնորեն դատապարտված, շուրջ երկու տարի ՀՀ ներքաղաքական կյանքի առանցքում քննարկված, մշտապես դատավարական պրոցեսների ընթացքում ակցիաներով ուղեկցված դեպքի մասին չի իմացել: Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե այս ընթացքում ինչի համար է պետբյուջեից վճարվել վաստակաշատ տիկինը, եթե նրա բուն պարտավորությունների մեջ է մտնում ոչ միայն տեղեկացված լինել, այլ տարաբնույթ ամբիոններից բարձրաձայնել երկրում առկա նմանատիպ սուր խնդիրների մասին: Լավ, ենթադրենք, թե մշակութային բեռի ծանրության տակ կքված տիկինը ավելորդ է համարել իր հրեշտակային հայացքը նետել երկրի համար այնպիսի չնչին թեմայի, ինչպիսին քաղբանտարկյալի առկայությունն է, բայց մի՞թե ցանկություն չի ունեցել գոնե իրեն զանգահարած լրագրողից տեղեկանալու, թե ինչի շուրջ են համախմբվում ճանաչված մտավորականներն ու քաղաքական գործիչները:

 

Այսքանից հետո դեռ նա բողոքում է, որ իր գործունեությունը դրական լույսի ներքո չի լուսաբանվում: Ի՞նչ գործունեության մասին է խոսքը: Այն, որ երբեմն հանդես է գալիս իրարամերժ և ցինիկ հայտարարություններով՝ արժանանալով մամուլի հեգնանքի՞ն, թե որ իր անգործությամբ սնանկացնում է պետական բյուջեն՝ վճարվելով պատգամավորական աշխատանքի համար, սակայն ԱԺ-ում իր գոյությամբ սառը ջուր լցնելով երբևէ նորմալ պառլամենտ ունենալու մեր հույսերին:

 

Ես կարծում եմ, որ ժամանակն է՝ Շուշան Պետրոսյանին նշանակելու մշակույթի նախարար կամ ավելի բարձր, ազդեցիկ պաշտոնի: Նրան հաջողվել է իր նկատմամբ հակակրանքի այնպիսի լիմիտ ձևավորել, որ կբավարարի ցանկացած պաշտոն զբաղեցնելու համար:

 

Չէ՞ որ Հայաստանում առանց քաղաքական գործչի նկատմամբ բացասական լիցքերի մաքսիմալ քանակի՝ նրան որևէ բարձր պաշտոնի չեն նշանակում...

 

Վարուժան Բաբաջանյան