Tert.am Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայանի տնօրինությունը բավական ուշագրավ տարբերակով ազատվում է ուղևորների կողմից մոռացված 2 հազար ճամպրուկներից, որոնք արդեն մի քանի տարի պահվում են հատուկ պահեստում, տեղեկացնում է Euromag-ը։

 

Տնօրինությունն աճուրդի է հանում միայն 2008-2011թթ. ընթացքում մոռացված ուղեբեռները։ Գնորդները վճարում են ճամպրուկների դիմաց՝ առանց իմանալու, թե ինչ կա դրանց մեջ։ Օրինակ՝ նրանցից մեկին ընդամենը 75 եվրոյի դիմաց բաժին է հասել միանգամից 3 նոութբուք։

 

Աճուրդը մեծ պահանջարկ է վայելում իտալացիների շրջանում. թոշակառուներ, առևտրականներ ու ընտանիքներ գալիս են այստեղ՝ բացառիկ հնարավորությունն օգտագործելու համար։

 

Ուշագրավ է հատկապես այն փաստը, որ օդանավակայանի ավտոկայանատեղիում հնարամիտ իտալացիները հենց նոր գնված ապրանքները փորձում են ավելի բարձր գնով վերավաճառել անցորդներին։

 

Աճուրդից ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են Իտալիայի քաղավիացիայի ազգային ծառայությանը։