Սեպտեմբերի 17-ին թուրքական դատարանը նոր դատական գործ է սկսել՝ Հրանտ Դինքի սպանության գործը վերանայելու նպատակով. գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

 

Գործընթացը վերսկսվել է Վերաքննիչ դատարանի պահանջով, որն այս տարվա մայիսին որոշում էր կայացրել վերանայել ավելի վաղ կայացրած արդարացումները 18 հոգու նկատմամբ, որոնցից հանվել էին լրագրողի սպանության նպատակով դավադրություն կազմակերպելու մեղադրանքները:

 

Մայիսյան որոշման համաձայն' այդ 18 հոգին կապված էին սպանության համար դատապարտված Յասին Հայալի հետ, ով 2012-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Ճիշտ է, Today's Zaman-ի տվյալներով' դատարանը ենթադրել էր, որ այստեղ խոսքը ոչ թե ահաբեկչական կազմակերպության մասին է, ինչը փորձում էին ապացուցել Դինքի ընտանիքի իրավաբանները, այլ՝ սովորական հանցավոր բանդայի:

 

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթի կողմից: 2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունները քննող դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու համար» (21 տարի և 6 ամիս) և «ապօրինի ճանապարհով զենք կրելու համար» (1 տարի և 4 ամիս և 600 թուրքական լիրա տուգանք) Սամասթին դատապարտել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման։ 2012 թվականի հունվարի 17-ին էլ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «չի հանդիսացել» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք: Դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու համար Յասին Հայալին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Էրհան Թունջելին արդարացրեց: Սակայն Թունջելը մեղավոր ճանաչվեց Տրապիզոնում McDonald’s-ի ռեստորանի պայթեցման մեջ և դատապարտվեց 10 տարի և 6 ամիս ազատազրկման: