Lragir.am Այն բանից հետո, երբ վերջերս «Փարքինգ Սիթի Սերվիս»-ը հայտարարեց, որ կայանման վարձը չմուծած տրանսպորտային միջոցները իրենց կողմից գծանշված վայրերում 48 ժամ կայանելուց հետո կտարհանվեն հատուկ հրապարակ, որպես վարորդ, ով հնարավոր է և առանց համապատասխան SMS-ի ուղարկման հանկարծ ու կայանեմ մեքենաս կարմիր գծերից ներս (մի կողմ թողնելով հարցը, թե ինչ իրավունքով է ինչ որ մասնավոր ընկերություն կամ թեկուզ և ոչ մասնավոր տարհանելու դիցուք օրինակ իմ սեփականություն հանդիսացող և կայանման համար նախատեսված տեղում կանգնած տրանսպորտային միջոցը), որոշեցի Էլեկտրոնային նամակի միջոցով մի քանի հարցադրումներով դիմել այդ ընկերությանը: Պատասխանն օրեր շարունակ չստանալուց հետո, որոշեցի զանգահարել 060606606 հեռախոսահամարով:

 

Կապ հաստատեցի օպերատորի հետ և պարզեցի, որ մեքենան տարհանում են առանց տիրոջը տեղեկացնելու, տերն անգամ չի հասցնում տեղեկանալ 5000 դրամ տուգանքի մասին, որն արդեն «վաստակել» է կայանման տուրքը 5 րոպեների ընթացքում չվճարելու համար:
Բայց սա դեռ ամենը չէ: Այդ' այսպես կոչված քաղաքակիրթ կայանատեղեր ապահովող ընկերությունում տեղյակ չեն, թե որտեղ է գտնվում իրենց' տարհանված մեքենաների կայանատեղը, և հարցին պատասխանել չկարողանալով հորդորում են դիմել քաղաքապետարանի ինչ որ հեռախոսահամարով, որտեղ ևս անտեղյակությունը փոխարինում են հորդորով' զանգահարել թեժ գիծ:

 

Իմ կողմից բազմաթիվ հորդորներին, թե մեքենաս անհետացել է' խնդրում եմ ասեք արդյոք դուք եք տարհանել, թե ոչ, արդյոք որտե՞ղ կարող է լինել տարհանված մեքենան, այդպես էլ որևէ պատասխան չստացվեց: Մեքենայի տվյալները վերցնելուց հետո հայտնում էին «կճշտենք կզանգենք»: Բայց այդպես էլ որևե զանգ ոչ ընկերությունից, ոչ քաղաքապետարանից չեղավ:
Ստացվում է, որ եթե դուք չեք վճարել գումարը և 48 ժամ կայանել եք ձեր մեքենան գծանշված հատվածում, այն կէվակուացնեն, ձեզ չեն տեղեկացնի, և դեռ երկար ժամանակ դուք չեք կարողանա պարզել' արդյոք ձեր մեքենան էվակուացվել է «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի կողմից, թե պարզապես գողացվել է: Ավելին' տարհանված մեքենայի կայանման վարձն արդեն եռապատիկ ավելի թանկ է' 300 դրամ մեկ ժամվա համար:

 

Ինչևէ, թե ուր են տանում և ոնց, փորձեցինք ճշտել հենց «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունից: Ասացին, որ տանում են քարշակ մեքենայով, որի համար 10000 ՀՀ դրամ վճարում է վարորդը, իսկ թե ուր են տանում, դեռ իրենք էլ չգիտեն: Բայց վստահեցրին, որ տանելուց անպայման կտեղեկացնեն: Բնականաբար հարց է ծագում, որքան ժամանակ հետո են տեղեկացնում վարորդին և ինչ մեթոդով: Մեթոդը դեռ պարզ չէ, բայց վստահեցրին, որ տեղեկացնում են անմիջապես տարհանելուց հետո: Անմիջապես տանելուց հետո կարող են տեղեկացնել միայն հեռախոսազանգով կամ ըստ իրենց' ամենաքաղաքակիրթ sms-ի միջոցով: Այստեղ էլ հարց է առաջանում' ինչ գործ ունի իմ կամ որևէ այլ վարորդի հեռախոսահամարը ինչ որ մասնավոր կազմակերպության մոտ: Իսկ մի գուցե ի դեմս այդպիսի կազմակերպության գործ ունենք ինչ որ գաղտնի ծառայության հետ, կամ պարզապես ՀՀ-ում բացակայում է անձնական տվյալների գաղտնիության հասկացությունը:

 

Եթե կտեղեկացնեն ոչ հեռախոսով, ապա հաջորդ հավանական տարբերակը փոստի միջոցով տեղեկացումն է, այս դեպքում էլ «Փարքինգ Սիթի Սերվիս»–ի գործողությունները կարելի է պարզապես դրամաշորթություն որակել: Եվ սա այն պարզ պատճառով, որ փոստի միջոցով վարորդը կարող է տեղեկանալ ոչ շուտ, քան երկու օրվա ընթացքում: Ընդ որում, ինչքան ուշ տեղեկացվի, այնքան լավ «Փարքինգ Սիթի Սերվիս»–ի և քաղաքապետարանի համար' չմոռանանք, որ տարհանումից հետո վճարման ենթակա գումարն արդեն եռապատկվում է յուրաքանչյուր ժամ:

 

Ի դեպ, «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունից մեզ փոխանցեցին քաղաքապետարանի ԹԵԺ գծի համարը, որ մեքենան անհետանալու դեպքում զանգահարենք տեսանյութն ուզելու համար, բայց այդ ԹԵԺ գիծն աշխատում է միայն աշխատանքային օրերին ու ժամերին: Ստացվում է, եթե մեքենան անհետանա ուրբաթ օրը երեկոյան, տեսանյութի համար կկարողանանք դիմել միայն երկուշաբթի առավոտյան, եթե իհարկե երկուշաբթին մեռելոց հիշատակի օր չէ:

 

Այսպիսով, ստացվում է, որ Ձեր մեքենան կարող են գողանալ Երևանում գործող նորաստեղծ կարմրագիծ կայանատեղիներից, իսկ դուք կարծելով, թե այն պարզապես տարհանվել է (ինչն այս դեպքում նույնն է, թե գողացվել է՝ բայց կվերադարձվի), օրեր շարունակ զբաղվեք տարհանման հրապարակի որոնումներով, ժամերով կզրուցեք «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ, իսկ այդ ընթացքում մեքենան բարեհաջող կիրացվի գողերի կողմից: Կարող է լինել նաև հակառակը, և նույնպես օրերով չեք գտնի Ձեր մեքենան, ինչի շնորհիվ կհարստանա կոնկրետ կազմակերպությունն ու քաղաքապետարանը:
Հ.Գ. «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի հնարավոր արձագանքի դեպքում ցանկանում ենք տեղեկացնել, որ զանգը ձայնագրված է:

 

Կարեն Առաքելյան, ՀՀ քաղաքացի