Tert.am «Ալ-Կաիդայի» զինյալները վերահսկում են Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազ քաղաքը, որը գտնվում է Հալեպից 35 կմ հեռավորության վրա, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Ինչպես հաղորդել է «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, ահաբեկչական խմբավորման 300 անդամներից բաղկացած խումբը հարձակման է ենթարկել Սիրիայի ազատ բանակի զինյալներին և նրանց դուրս բերել Թուրքիային սահմանամերձ շրջանից։

 

Բախումների հետևանքով զոհվել է 6 զինյալ, 25-ը վիրավորվել են։ Եվս 70-ի ճակատագիրը դեռ անհայտ է։

 

Նախկին «զինակից ընկերների» միջև պայքար է ընթացել Բաբ-էս-Սալյամ անցակետի համար, որի միջոցով միջազգային հովանավորների ուղարկած զենքը հասնում է սիրիական ընդդիմությանը։ Թուրքիայի իշխանությունները ստիպված են եղել արագ փակել դեպի Քիլիս քաղաք տանող սահմանադուռը։

 

Սիրիայի ազատ բանակն ու «Ալ-Կաիդայի» տարածաշրջանային մասնաճյուղը վերջին շրջանում ավելի հաճախ են բախվում միմյանց։ Նրանց բախումների մասին տեղեկություններ են ստացվել նաև Դեյր-էզ-Զորից։