ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը ներկայացրել է նախագիծ' Մաքսային միությանը ՀՀ միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

 

Սակայն հետաքրքիրն այստեղ ոչ այնքան օրինագիծն է, որքան նիստում հնչած այն հայտարարությունը, որ կապված ՀՀ-ի՝ Մաքսային միության հետ միասնական սահման չունենալու հետ և ի կատարումն ՀՀ և ՌԴ նախագահներից ստացած հանձնարարականների՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս դեկտեմբերին ստեղծել է աշխատանքային խումբ, որը աշխատել է ռուսական կողմի հետ և այդ աշխատանքային խմբի շրջանակներում տեղի է ունեցել երեք պաշտոնական և բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումներ՝ նախքան սեպտեմբերի 3-ին արված Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը՝ նախապատրաստելու համար ՀՀ անդամակցությունը Մաքսային միությանը:

 

Ըստ էության, բացահայտվել է խոշոր պետական գաղտնիք, որովհետև այս գործընթացը այնքան գաղտնի էր պահվում հանրությունից ու անգամ իշխանամերձ շրջանակներից, որ անգամ սեպտեմբերի 2-ին Գալուստ Սահակյանը հայտարարում էր Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու Հայաստանի ցանկության մասին:

 

Փաստորեն, դեռևս դեկտեմբերին վարչապետի գլխավորությամբ ընթացել են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ, սակայն միաժամանակ վարչապետը արել է հայտարարություններ, որոնք ուղղակիորեն չէին բխում այդ պահին իր գործողությունների տրամաբանությունից: Կառավարության ղեկավարը նախաձեռնել է մի գործընթացի նախապարաստական աշխատանքներ, որի մասին միաժամանակ արտահայտվել է այսպես. «Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որի համաձայն' երկիրը, չունենալով ընդհանուր սահման մաքսային միության հետ, անդամակցի դրան: Եթե ապրանքները պետք է երկրորդ երկրի միջոցով արտահանվեն, դա նշանակում է, որ մաքսազերծման բոլոր գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել: Այսինքն, մաքսային գոտու բոլոր առավելությունները դուրս են մղվում: Այդ տեսակետից, անիմաստ է դառնում Մաքսային միությանն անդամակցելը»:

 

Այս միտքը վարչապետն է, չէ՞, ասել: Սա էլ իր անունից մուծված գումարներ չեն, որ ինքը տեղյակ չլինի, այլ կոնկրետ ասված խոսքեր: Եթե այդ պրոցեսը արդեն 9 ամիս ընթանում էր, ինչու՞ էին մի ամբողջ հասարակության և մի ամբողջ միջազգային հանրության հիմարի տեղ դնում: Անգամ այն ժամանակ, երբ արվում էին ՄՄ անդամակցության նախապատրաստական աշխատանքների վերջին ակորդները՝ ՀՀ-ն իր փոխարտգործնախարարի բերանով հայտարարում էր, որ ՄՄ անդամակցության դեպքում Հայաստանը կորցնում է իր սուվերենությունը, ուստի մտադրություն կա՝ ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը:

 

Ստացվում է, որ չնայած առկա է եղել շատ նուրբ քաղաքական հակասություն՝ նախագահի և վարչապետի միջև՝ Տիգրան Սարգսյանը իր կամքին հակառակ առավոտյան նախապատրաստել է Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին, իսկ կեսօրից հետո տարբեր լրատվամիջոցներով հոխորտացել է, որ դա հնարավոր բան չէ: Ըստ երևույթին՝ մինչև ժամը 13.00-ի մոտակայքը վարչապետի մոտ խոսել է ռուսամետ ջիղը, իսկ ընդմիջման ժամից հետո Տիգրան Սարգսյանին դուր են եկել եվրոպական հովերը: Կամ էլ գործ ունենք պետության կողմից կազմակերպված շոուի հետ, և իրականում բոլորն էլ այս խաղում իրենց դերերը նորմալ խաղացել են:

 

Գոնե որևէ մեկը գիտակցե՞լ է, որ այդ արկածախնդիր խաբեությամբ մի ամբողջ պետության վարկանիշը արևմտյան գործընկերների մոտ հավասարվել է զրոյի: Եթե սրան գումարում ենք այն, որ Արևմուտքը սկսել է տնտեսական սահմանափակումներ մտցնել Հայաստանի հետ հարաբերություններում, ինչպես նաև այն տեղեկությունները, որ սկսվում է Եվրոպայի հայ ներգաղթյալների մասսայական հետվերադարձի գործընթացը, ապա պարզ է դառնում, թե դիվանագիտական այդ մանր-մունր «ժուլիկությունները» ինչ խորը ճգնաժամի առաջ են կանգնեցնելու հայկական դիվանագիտությանն ու հայ ժողովրդին ընդհանրապես:

 

Վարուժան Բաբաջանյան