Նույնիսկ 1930-ական թվականներին, պետք է լիներ գոնե մեկ մեղադրական ցուցմունք մարդուն դատապարտելու համար, մինչդեռ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով չկա որևէ ուղղակի ապացույց, որ այն կազմակերպել է նույնպես ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում հայտարարել է գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը: Մեղադրող Արամ Ամիրզադյանն, ըստ նրա, միջնորդել է 12 տարվա ազատազրկման դատապարտել, քանի որ ամբաստանյալ «Խաչատուր Պողոսյանի զոքանչը ենթադրել է, որ ես եմ», փոխանցում է Փաստինֆո-ն:

Վ. Սեդրակյանն ընդգծել է, որ գործով սպանության փորձ կազմակերպելու որևէ դրդապատճառ չի վկայակոչվում: Առնվազն մարդը պետք է լիներ անմեղսունակ, որպեսզի սպանության փորձը կազմակերպեր սեփական մեքենայի օգտագործմամբ, իր տան աշխատողի և երկու անգամ դատված, ուստի և ոստիկանության տեսադաշտում գտնվող ևս մեկ այլ անձի մասնակցությամբ, և դեռ ասեր «տար զենքը տանը պահիր, որ բռնվես, նախաքննական մարմինը զենքը գտնի»: Եվ թեկնածուների նկարներով թերթն էլ ապացույց չէ՝ «Հայկական ժամանակ» թերթը, ստացվում է, որ արգելված գրականություն է, և այն հայտնաբերելու դեպքում մարդուն կարելի է մեղադրել հանցագործության մեջ:

Դիմելով մեղադրողին, որի ճառը գնահատել է որպես «անհեթեթություն» ու «քննչական ճառ»՝ Վ. Սեդրակյանը նշել է, որ «միգուցե իմ քաղաքական գործունեությունը Ձեր դուրը չէր գալիս, պարզապես Մաքսային միությանը միանալու իմ ծրագրի համար «12 տարին շատ է», այդ մասին նույնպիսի հայտարարություն է արել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ամբաստանյալը խնդրեց կայացնել արդար դատավճիռ:

Պաշտպանական ճառով հանդես է եկել նաև ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը, ով միջնորդել է քաղաքական գործչի սպանության փորձը՝ նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով, մեղադրանքը վերաորակել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքի: Ըստ նրա, իր պաշտպանյալն ու Խ. Պողոսյանը սպանության փորձ չեն կատարել, արարքն ուներ Պ. Հայրիկյանին վախեցնելու և ոչ թե սպանելու նպատակ՝ այդ միջոցով ցանկանում էին պարտադրել Վ. Սեդրակյանին վճարել իրենց աշխատանքի դիմաց չվճարված գումարները:

Մեղադրող Արամ Ամիրզադյանն իր ռեպլիկում հայտարարել է, որ պաշտպանական կողմը ապացույցների ծաղկաքաղ արեց, արդյունքում ստացվեց ոչ թե ծաղկեփունջ, այլ ցախավել, իսկ տուժող Պ. Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հավելել է, որ պաշտպանական կողմի գնահատականները սուբյեկտիվ են և չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից:

Իր վերջին խոսքում Վարդան Սեդրակյանը հույս հայտնել է, որ դատարանը կհիմնվի ոչ թե չփարատված կասկածների, այլ ապացույցների վրա և կկայացնի արդարացման դատավճիռ: Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց՝ «արել եմ, զղջում եմ, որ վնաս եմ հասցրել Պարույր Հայրիկյանին, սպանություն ցանկություն չեմ ունեցել», ուստի խնդրեց իրեն դատապարտել վնասվածք հասցնելու և ապօրինի զենք կրելու համար: Ամբաստանյալ Սամվել Հարությունյանն էլ դատարանից խնդրեց մեղմ վերաբերվել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 23-ին: