Slaq.am 9-ամյա Թարիկուա Լեմմային յոթ տարի առաջ որդեգրել են Եթովպիայից: Նրան և երկու քույրերին խաբել և տարել են ԱՄՆ կրթություն ստանալու նպատակով, սակայն իրականում վաճառել են մի ընտանիքի: Նա այժմ ապրում է Մայնում, սովորում է քոլեջում և ցանկանում է մարդու իրավունքների պաշտպան դառնալ: Աղջիկը ներկայացնում է իր պատմությունը.

Երբ 13 տարեկան էի, ինձ վաճառեցին:

Հորս ընկերներն աշխատում էին իմ հայրենիքի' Եթովպիայի որդեգրման կոռումպացված գործակալությունում. ընկերներ, ում հայրս վստահում էր: 2006 թվականին նրանք հորս ստիպեցին հավատալ, որ ինձ ու փոքր քույրերիս կրթական ծրագրով ուղարկում էին Ամերիկա, և որ մենք ամեն ամառ և դպրոցական արձակուրդներին գալու էինք տուն:

Հայրս չէր էլ կասկածում, որ իր «ընկերներին» վճարում էին, որպեսզի երեխաներ հավաքագրեին ամերիկյան որդեգրման գործակալության համար: Փաստացի, նա նույնսիկ չգիտեր, թե ինչ է որդեգրումը: Կրթական ծրագրի փոխարեն, մենք հայտնվեցինք միջազգային որդեգրման սկանդալի մեջ: Մենք միակը չէինք, ում խաբել էին: Մեզ որդեգրած ընտանիքին, ովքեր ապրում էին ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում, ասել էին, թե իրենց մոտ են տանում երեք որբ երեխաների, որոնցից ամենամեծը 9 տարեկան էր: Ճշմարտությունն այն էր, որ մեր մայրը ծննդաբերության ժամանակ առաջացած խնդիրների հետևանքով մահացել էր: Մեր հայրը ողջ էր և լավ: Ես ոչ թե 9, այլ 13 տարեկան էի, իսկ քույրերս' 11 և 6:

Մեր նոր «ծնողները» փոխեցին մեր անունները և մեզ ասացին, որ այլևս չենք կարող խոսել իրար հետ մեր լեզվով: Չենթարկվելու դեպքում մեզ պատժում էին: Վերջիվերջո, մենք մոռացանք մեր մայրենի լեզուները' Ամարիգնան ու Վոլայտան:

Ես փոքր էի ու կամակոր: Ես հավատում էի, որ եթե փախչեմ, ապա կկարողանամ քայլելով հասնել Եթովպիա: Ցանկանում էի փախչել այն մարդկանցից, ովքեր մեր հայրենիքից, մեր մշակույթից ու ընտանիքից մեզ գողացել էին: Ես ջղայնացած ու վիրավորված էի:

8 ամիս անց ես տեղափոխվեցի ապրելու ինձ որդեգրած մորս ծնողների հետ' առանց քույրերիս: Դրանից հետո քույրերիս մի քանի անգամ եմ տեսել: Այնտեղ ապրելը դժվար էր: Ինձ հեռացրել էին ընտանիքիցս, իսկ հետո' քույրերիցս: Ես դեպրեսիայի մեջ ընկնելու փոխարեն, որոշեցի քայլեր ձեռնարկել, որպեսզի աշխարհն իմանար միջազգային որդեգրման կոռումպացված վիճակի մասին: 18 տարեկանում, երբ դեռ սովորում էի ավագ դպրոցում, ես տեղափոխվեցի Մայն' մի ընտանիք, որն ինձ առաջարկել էր տեղափոխվել իրենց մոտ:

Միջազգային որդեգրման աջակիցները հաճախ որբ երեխաների ահռելի թվեր են ներկայացնում աշխարհին: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի' աշխարհում 151 միլիոն որբ երեխա կա: Մարդկանց մեծամասնությունը չի հասկանում, որ միակողմանի ծնողազուրկ երեխաները որբ չեն: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ ես ինձ որբ չեմ համարում: Ես ու քույրերս ունենք հայր, եղբայր, մեծ քույրեր, ինչպես նաև մի մեծ ընտանիք, որը հոգ էր տանում մեր մասին ու սիրում մեզ: Ըստ եթովպիական ստանդարտների' մենք միջին խավ էինք համարվում, մենք աղքատ չէինք: Մենք և մեր նման շատ երեխաներ, երբեք չպետք է որդգերման հանձնվեն:

Այդ ամենն արվում է փողի համար: Ինձ որդեգրվելուց ի վեր հասկացել եմ, որ որդեգրող ծնողների տված գումարը ահռելի է և կերակրում է կոռումպացվածներին: Եթե հորս ընկերները շահ չունենային' ինձ ու քույրերիս երբեք որդեգրման չէին հանձնի: Նրանց վճարում են որբերի համար: Կախված երկրից' որդեգրման գումարը կարող է հասնել մինչև 50.000 դոլարի: Պատկերացնում եք, թե այդքան գումարը ինչպես կարող է օգնել զարգացող երկրների ընտանիքներին' իրենց երեխաներին պահելու համար:

Հիմա գիտեմ նաև, որ ծնողները ավելի շատ վճարում են սպիտակ երեխաներ որդեգրելու համար, քան' աֆրոամերիկացի:

Չնայած բոլոր տառապանքներին, ես որոշել եմ կյանքում ինչ-որ լավ բան անել: Ես այժմ քոլեջում եմ սովորում և գիրք եմ գրում իմ փորձառության մասին: Ես պայքարում եմ, որպեսզի փոխեմ որդեգրման գործակալությունների քաղաքականությունը: Ես պայքարում եմ, որպեսզի համոզված լինեմ, որ ընտանիքները և որդեգրող ընտանիքները գիտեն որդեգրման խարդախությունների և մարդկային թրաֆիքինգի մասին: Ես պայքարում եմ, որպեսզի ոչ մի ուրիշ երեխա չանցնի այն ամենի միջով, ինչի միջով ես եմ անցել: Ես գումար եմ հավաքում, որպեսզի կարողանամ միանալ իմ ընտանիքին Եթովպիայում: Ես նրանց յոթ տարի է, ինչ չեմ տեսել: Եվ ես գնացել եմ դատարան ու վերականգնել իմ իրական անունը: