Tert.am Ռիո դե Ժանեյրոյի մետրոյի շինարարները հայտնաբերել են մոտ 200 հազ. տարբեր առարկաներ, որոնք առնչվում են 17-19-րդ դարերին։ Մասնավորապես, հայտնաբերվել է հնագույն ատամի խոզանակ, որի վրա ֆրանսերենով գրված է «Ձերդ մեծություն Բրազիլիայի կայսր», գրում է pravda.ru-ն։

 

Հնագետների կարծիքով՝ այն, հավանաբար, պատկանել է բրազիլական կայսերական ընտանիքի ներկայացուցիչ Դոն Պեդրո 2-րդին։ Նախկինում շինարարության վայրում է գտնվել կայսերական պալատը և կայսերական ընտանիքի անդամների թաղման վայրը։

 

Հայտնաբերվել են նաև ապակե և խեցե շշեր, մասնավորապես՝ հեղուկների մնացորդներով վեց շիշ։ Ենթադրվում է, որ դրանցում պահվել է կայսերական ընտանիքի համար Եվրոպայից բերված ջուր։

 

Պեղումները ժամանակավորապես դադարեցվել են մետրոյի շինարարության պատճառով, որը նախատեսվում է ավարտել մինչ 2016թ. Օլիմպիական խաղերը։