Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Սիրիայի հակամարտության կարգավորման գործում: Washington Post-ում հրապարակված հոդվածում նա նշել է, որ Թեհրանը կարող է աջակցել բանակցություններին Դամասկոսի և ապստամբների միջև: «Իրանի կառավարությունը պատրաստ է աջակցել երկխոսության հաստատմանը»,-ասել է Ռոուհանին:
Իրանի նախագահը նաև խոսել է Մերձավոր Արևելքում լարվածության հաղթահարման ուղիների մասին:
«Մենք պետք է գործենք միասին կառուցողական ազգային երկխոսություն հաստատելու համար՝ լինի դա Սիրիայում կամ Բահրեյնում»,-գտնում է Ռոուհանին: Նա կարևորել է մի մթնոլորտի ստեղծումը, որի առկայության դեպքում տարածաշրջանի ժողովրդները կկարողանան ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամլո քարտուղար Շտեֆեն Զայբերտը, մեկնաբանելով Ռոուհանիի հայտարարությունը, նշել է. «Մենք ուրախ ենք տեսնել նրան, ով կարող է ազդեցություն ունենալ նախագահ Բաշար Ասադի ռեժիմի վրա»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գտնում է, որ Ռոուհանիի խոսքերին պետք է հաջորդի գործը, նշել է Զայբերտը:
Ըստ նրա Բեռլինում ողջունում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու Իրանի իշխանությունների որոշումը և համարում են, որ դա «առաջին և կարևոր կոնկրետ քայլն» է միջազգային հանրության հետ Իրանի երկխոսության հետագա զարգացման համար: «Իրանի հայտարարած չափավոր քաղաքականությունը պետք է իրոք դրական ազդեցություն ունենա միջազգային համագործակցության վրա»,-ասել է Զայբերտը: «ԳԴՀ կառավարությունը հուսով է, որ Իրանը կշարունակի այն իրագործել»,-ասել է նա:
Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:
Անցած շաբաթ Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից:
Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել էր, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից և համաձայնագիր ստորագրել այն արգելելու մասին:
Ըստ համաձայնության, քիմիական զենքի միջազգային փորձագետները պետք է Սիրիա ժամանեն 2013 թվականի նոյեմբերից ոչ ուշ: Սիրիական քիմիական զենքի արսենալի ոչնչացումը նախատեսվում է ավարտել 2014 թվականի կեսին: Ոչնչացման բոլոր հարցերը լուծելու է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Ֆինանսավորմանը կմասնակցեն նաև միջազգային դոնորներ:
ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: