Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները որոշ ժամանակով բերման են ենթարկել Բաքվի բնակիչ Ալիուլլա Ահմեդաղա օղլու Ջեբրայիլովին և նրա որդուն: Ձերբակալվածներին քրեական պատասխանատվության են ենթարկել Ռուսաստանի' ազգությամբ հայ քաղաքացիների համար, ովքեր խորհրդային տարիներին ապրել են Ադրբեջանի ԽՍՀ-ում, փաստաթղթեր պատրաստելու պատճառով: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «Vesti.az» լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի քաղաքացի Ջեբրայիլով Ալիուլլա Ահմեդաղա օղլուն' ծնված 1957թ, այդ նպատակով Հյուսիսային Կովկասում ապրող Ռուսաստանի քաղաքացիների և «իր որդու հետ հանցավոր դավադրության մեջ» է մտել 2000թ-ից սկսած:
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում վստահեցնում են, որ Ա. Ջեբրայիլովը մայրական գծով հայ է: Նրան այժմ մեղադրում են Ադրբեջանի ԽՍՀ-ում բնակված հայերի ակտիվ աշխատանքային գործունեությունը հաստատող «կեղծ» աշխատանքային գրքույկների և այլ փաստաթղթերի պատրաստման մեջ:

Ա. Ջեբրայիլովը հանդիսանում է «Ադրբեջանական ազգերի ժողով» կոչվող կազմակերպության անդամ:
«Քննչական մարմինների հավաքած նյութերի հիման վրա քրեական գործ է բացվել և Բաքվի Սաբունչի շրջանային դատարանի որոշմամբ Ջեբրայիլով Ալիուլլա Ահմեդաղա օղլուն մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 310 և 320.1 հոդվածներով, իսկ նրա որդին'Ջեբրայիլով Հուսեյնաղա Ալիուլլա օղլուն' Ադրբեջանի քրեական օրենսգրքի 320.1 հոդվածով: Նրանց հանդեպ պատժամիջոցներ են ընտրվել նշված հոդվածների համաձայն», - գրում է «Vesti.az»-ը:

Նշենք, որ 1979թ. անցկացված վերջին նախակոնֆլիկտային մարդահամարի համաձայն' Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքում բնակվում էր ավելի քան 475 հազար հայ: 1988-1990թթ. ադրբեջանցի ազգայնականների կազմակերպած ջարդերի և էթնիկ զտումների արդյունքում Ադրբեջանի ԽՍՀ-ի բոլոր հայերը վտարվել են իրենց տներից (բացառությամբ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի, որտեղ հայկական բնակչության վտարման փորձն ավարտվեց Ադրբեջանի պարտությամբ): Հայ փախստականներից շատերը չեն կարողացել իրենց հետ դուրս բերել փաստաթղթերը, իսկ Ադրբեջանի պետական կառույցները չեն պատասխանել ազգությամբ հայ քաղաքացիների հարցումներին: