«Հրապարակ» «Հուլիսին դիզվառելիքի բաշխման ժամանակ թույլ տրված խախտումների համար ձերբակալվեց Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանը։ Եվ քանի որ նա պետական բյուջեից սուբսիդավորված վառելիքը բաշխել էր Հովիկ Աբրահամյանի հարազատներին, բնականաբար, սպասվում էր, որ Վիրաբյանի բարձրաստիճան «օգտատերերը» կօգնեն նրան։ Մանավանդ, որ Վիրաբյանը նեղ շրջանակում սպառնացել էր, որ եթե դատվի, շատերի անունն է տալու։ Հետագայում Վիրաբյանը կալանավորվեց, ապա նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց։ Թվում էր, թե նախկին պաշտոնյային անպայման դատելու են։

 

Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության, Վիրաբյանին մեղադրում էին պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների յուրացման մեջ, որը տեղի էր ունեցել ՀՀ կառավարության հաստատած «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրի իրականացման ընթացքում։ ՀՔԾ լրատվության պետ Միքայել Ահարոնյանից երեկ տեղեկացանք, որ Վիրաբյանը հարցաքննությունների ընթացքում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի անուն չի տվել, ընդունել է մեղքը և նույնիսկ զղջացել իր արարքի համար։ Իսկ մեր աղբյուրները հայտնում են, որ Վիրաբյանը վերականգնել է պետությանը հասցված մոտ 14 մլն դրամ վնասի մեծ մասը։ Այսպիսով, Վիրաբյանն իշխանությանն անդավաճան մնաց, և բացառված չէ, որ կարդարացվի կամ թեթև պատիժ կստանա»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: