ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ Հայաստանի ժողովրդին Չինաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից սրտանց շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ է հղել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը:

Ինչպես տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է.

«Որպես Հայաստանի մեծ բարեկամ և գործընկեր, չինական կողմն ուրախ է, որ այսօր Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդն իր ջանքերով մեծ հաջողությունների է հասել պետականաշինության մեծ գործում: Մենք անկեղծորեն Ձեր երկրի ժողովրդին մաղթում ենք ավելի մեծ հաջողություններ պետության զարգացման ճանապարհին:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21 տարիների ընթացքում Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցել և փոխադարձ հարգանք են տածել միմյանց նկատմամբ, համատեղ հաղթահարել են դժվարությունները և անկեղծորեն համագործակցել: Կողմերի միջև քաղաքական փոխգործակցությունն անընդհատ ամրապնդվում է, ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը հասել է մեծ արդյունքների: Ես մեծ ուշադրություն եմ հատկացնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, պատրաստ եմ Ձերդ Գերազանցության հետ ամբողջ ջանքերը ներդնել հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:

Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում և հզորություն, ժողովրդին՝ երջանկություն: Ցանկանում եմ քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ»։