Հայաստանի երրորդ հանրապետության անկախության վերաբերյալ Operativ.am-ի թղթակցի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

-Արդյոք ի՞նչ-որ բան առավ մեզնից անկախությունը:

-Մեզ միայն տվեց անկախությունը: Անկախությունը մարդկանց միշտ հնարավորություն է տալիս, բայց դա չի նշանակում, որ անկախությունը հրաշքով բարեկեցություն է բերում: Անկախությունը մեզ հնարավորություններ տվել է, ցավալին այն է, որ 22 տարվա ընթացքում Հանրապետությունը ավելի շատ կորցված հնարավորություններ ունի:

-Ի՞նչ չունենք, որ կարող էինք կամ պարտավոր էինք ունենալ 22 տարվա ընթացքում:

-22 տարվա ընթացքում պիտի արտագաղթ չունենայինք, այլ հակառակը' ներգաղթ պիտի ունենայինք: Մենք պիտի ունեայինք շատ հզոր բանակ, որ մեր անվտանգությունը մենք ապահովեինք: Պիտի ունենայինք ժողովրդավարական եվրոպական պետություն, մենք եվրոպական տիպի ազգ ենք: Սոցիալական արդարություն պիտի ունենայինք, կոռուպցիա չպիտի ունենայինք, կամ գոնե չնչին չափով պիտի ունենայինք: Շատ բաներ կան, որ պիտի ունենայինք 22 տարվա ընթացքում, բայց չունենք:

-Այսօր կա՞ վտանգ, որը սպառնում է մեր անկախությանը:

-Մենք ինքներս ավելի շատ ենք սպառնում, քան որևէ մեկն արտաքին աշխարհից: Անկախ պետությունը, անկախ լինելը թանկ հաճույք է, և անկախության համար ազգերը թանկ են վճարում և պիտի հասկանանք, որ անկախության հետ խաղեր չեն խաղում:
Մաքսային միության հետ կապված այդ խայտառակ որոշումն ուղղակի խաղ է Հայաստանի անկախության հետ: Եվ երկրի ղեկավարության մտածողությունը, թե ի՞նչ է եղել, մի քիչ անկախություն կարելի է զիջել Ռուբեն Հայրապետյանին, մի քիչ անկախություն կարելի է զիջել Սուրեն Խաչատրյանին' անկախության պոռթկում է տեղի ունենում: Եթե Հայսատանի ղեկավարությունը թույլ է տալիս, որ ներսից և դրսից իշխեն Հայստանի հանրապետությանը' դա թիվ մեկ վտանգն է:

-Եթե 1991թ.-ի հանրաքվեն լիներ այսօր, այսօրվա ՀՀ քաղաքացին նույն որոշո՞ւմը կկայացներ:

-Այսօր ՀՀ քաղաքացին շատ վատ է իրազեկված: միտումնավոր ասվում է, որ եթե Մաքսային միություն չմտնենք, ապա Ռուսաստանին կկորցնենք, բայց մինչև հիմա Ռուսաստանին չենք կորցրել, Մաքսային միություն էլ չի եղել: Եթե ՀՀ քաղաքացուն ճիշտ բացատրվի, ես գտնում եմ, որ ՀՀ քաղաքացին կընտրի անկախությունը: