Գերասիմ Մնացականյանը փետրվարի 17-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ալկոհոլային հարբածության վիճակում, Սևան քաղաք գնալու նպատակով նստել է Երևանի Բագրատունյաց և Արշակունյաց փողոցների խաչմերուկում կայանված Ստեփան Սարգսյանի «Օպել վեկտրա» մակնիշի տաքսի ավտոմեքենան:

 

Ենթադրելով, որ վերջինս հանդիսանում է 2011թ. օգոստոս ամսին Երևանի մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր ընկերոջը` ոմն Արմենին, դանակահարած անձը, եռակցման սարք բերելու պատճառաբանությամբ նրան քշել է տվել Կոտայքի մարզի Պտղնիում գտնվող այգեգործական հողամասի տարածք, որտեղ եռակցման սարքը մինչև ավտոմեքենան տեղափոխելու օգնության խնդրանքով հրավիրել է Ս.Սարգսյանի հողամասի տարածք և այնտեղ առկա ամառանոցային տնակի մուտքի դռան դիմաց, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածել է Ստեփան Սարգսյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսին, աջ աճուկային շրջանին և աջ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսին, պատճառել նրա առողջությանը թափանցող, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

 

Մինչև դատաքննության սկսվելը՝ դատական նիստի նախապատրաստական մասում, ամբաստանյալը գրավոր միջնորդություն է ներկայացրել՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում և անկեղծորեն զղջում է կատարվածի համար: Ընդ որում, ըստ ամբաստանյալի՝ ինքը կատարվածի համար զղջացել է դեպքից անմիջապես հետո. տուժող` Ս.Սարգսյանին մենակ չի թողել, անգամ մեքենան թաղվել է ձյան մեջ, հրել հանել է և նրան ուղեկցել է Երևան' բուժօգնություն ստանալու համար: Տուժող Ստեփան Սարգսյանը հայտնել է, որ ամբաստանյալ Գերասիմ Մնացականյանի հարազատները ամբողջությամբ հատուցելու են իրեն պատճառված նյութական վնասը, ինքը նրա դեմ որևէ բողոք-պահանջ չունի, խնդրել է նրա նկատմամբ մեղմ վարվել և եթե ամբաստանյալի կողմից արվի արագացված դատավարության միջնորդություն, ինքը չի առարկի:

 

Մեղադրող, Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Վ.Գրիգորյանը մինչև դատաքննությունն սկսելը՝ դատական նիստի նախապատրաստական մասում, չի առարկել՝ Գերասիմ Մնացականյանի նկատմամբ դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել է միջնորդությունը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Յ.Բաղդասարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 18-ի դատավճռով Գերասիմ Մնացականյանին մեղավոր է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, և դատապարտել 3 տարի 6 ամսվա ազատազրկման:

 

Դատարանը՝ որպես անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել ամբաստանյալի նախկինում դատված և արատավորված չլինելը, ըստ բնակության վայրի դրական բնութագրվելը, մեղքն ընդունելը, կատարվածի համար զղջալը, խնամքին չորս երեխա (նրանցից երեքը անչափահաս են, այդ թվում՝ երկուսը մինչև 14 տարեկան), թոշակառու և վատառողջ ծնողներ, վատառողջ, չաշխատող կին ունենալը, տուժող Ս.Սարգսյանին օգնություն ցույց տալը, տուժողի' Ս.Սարգսյանի քաղհայցի պահանջ չներկայացնելը և նրա նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու խնդրանք ներկայացնելը: Որպես ամբաստանյալ Գերասիմ Մնացականյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը դիտել է հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: