Շուրջ երկու ամիս է, ինչ Ազատության հրապարակում հավաքված ազատամարտիկները հայտարարել են երկրում ողջ ժողովրդի մոբիլիզացիա անցկացնելու վճռականության մասին' դեպի անդունդ օր օրի ավելի ու ավելի ծանրացող ընթացքը խափանելու նպատակով: Առաջին իսկ օրվանից այս քայքայիչ գործընթացների ետևում կանգնած կողոպուտի և թալանի համակարգը փորձում է խափանել ժողովրդի համախմբման գործընթացը, վարկաբեկել, արժեզրկել ազատամարտիկների միասնական պայքարը:
Շրջանառության մեջ էր դրվել մի վարկած, համաձայն որի ազատամարտիկների բոլոր գործողությունները թելադրված են զուտ սեփական սոցիալական խնդիրները լուծելու, վիճակը բարելավելու մղումով: Շատ ցավալի է, որ այս գործընթացին մասնակից դարձավ նաև Պաշտպանության նախարարությունը, որը հնարավոր պատերազմից խուսափելու, ցանկացած թշնամու արժանի հակահարված տալու նպատակով պետք է ոչ միայն ողջուներ ազատամարտիկների այս նախաձեռնությունը, այլև հիմնական աջակիցը դառնար: Փոխարենը՝ խարդավանքների ճանապարհով, Կառավարության հայտնի շրջանակների հետ միասին, մի քանի ազատամարտիկների մոլորեցնելով, ներգրավեցին նրանց այդ ամոթալի սոցիալական խնդիրներով ճամարտակությունների շրջանակ, անվանարկեցին ազատամարտիկի բարձր կոչումը, և այս ամենը մեկ նպատակով՝ խափանել երկրում կուտակված կեղտերը մաքրող նոր ալիքը Հայաստանում:
Մի քանի օր է, որ այս խայտառակ գործառույթները թևակոխել են նոր փուլ և ընդվզած ազատամարտիկների անունը փորձում են կապել ինչ-ինչ խարդախությունների հետ: Դաշտային հրամանատարների խորհուրդը խստագույնս դատապարտում է իշխանական շրջանակների սույն արատավոր գործելաոճը, գնահատում է այն որպես քայքայիչ գործունեություն' ուղղված Հայաստանի, նրա ժողովրդի և այդ ժողովրդի ոգու բարձրագույն դրսևորումներից մեկը հանդիսացող Ազատամարտի դեմ, կոչ անում հայ մարդկանց հեռու մնալ այդ սադրանքներից և հավաստիացնում, որ բոլոր հիմնական հեղինակները պարտադիր պատասխան են տալու իրենց քայլերի համար: