Hetq.am «Իլյուշինի անվան ավիացիոն կոմպլեքս» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սվետլանա Սուլեյմանովան «Հետքին» հայտնել է, որ իրենց ընկերությունը չի սպասարկել 2012-ի նոյեմբերի 30-ին Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլում վթարի ենթարկված «Իլ-76Տ» բեռնափոխադրող ինքնաթիռը, որը կրում էր հայաստանյան EK-76300 համարը: Հիշեցնենք, որ հայկական ավիացիայի պատմության մեջ այս վերջին աղետալի դեպքը դարձավ 5 հայ օդաչուների, բեռներն ուղեկցող տեղացի 2 ոստիկանների եւ «Մայա-Մայա» օդանավակայանի հարեւանությամբ ապրող 32 բնակիչների մահվան պատճառ: Վիրավորվեց շուրջ 20 հոգի:

«Հետքը» գրել է այն մասին, որ ինքնաթիռը չնայած ՀՀ գրանցման համարով էր, սակայն 1 տարի եւ 4 ամիս արդեն դուրս էր գրված ՀՀ ինքնաթիռների գրանցման ռեգիստրից: Դրա վերջին շահագործողը կոնգոլոզյան «Aero-Service» ընկերությունն էր, որը օդանավը լիզինգով վարձակալել էր հայկական «Air Highnesses»-ից, իսկ սեփականատերը նույնպես հայկական «Ridge Airways»-ն էր: Այս ընկերությունների հետ կապ ուներ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

Աֆրիկայում թռչող օդաչու Վալերի Պողոսյանը «Հետքին» հայտնել էր, որ այս ինքնաթիռը չի ունեցել թռչելու թույլտվություն, եւ ապահովագրված չեն եղել ոչ անձնակազմը, ոչ էլ օդանավը:

Ս. Սուլեյմանովան «Հետքի» հետ զրույցում նշել է, որ չնայած իրենց ընկերությունն է նախագծում «Իլ» տիպի ինքնաթիռները, սակայն դրանց հետագա սպասարկումը (թռիչքային լիցենզիայի երկարաձգում, վերանորոգում եւ այլն) կարող են կատարել մասնավորապես Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում գործող այլ ընկերություններ նույնպես, որոնք ունեն համապատասխան սերտիֆիկատ:

Բաժնի պետի խոսքերով՝ կոնստրուկտորական բյուրոյի մասնագետները չեն մասնակցել ինքնաթիռի վթարի հետաքննությանը, քանի որ նման հայց, դիմում չեն ստացել: «Ընդհանրապես մեր մասնագետները պարտադիր մասնակցում են հետաքննություններին, սակայն, ինչպես հասկանում եմ, այս դեպքի վերաբերյալ ընկերությունը չի ստացել դիմում»:

Մեր այն դիտարկմանը, որ «Հետքի» տեղեկություններով՝ ինքնաթիռն ապօրինի է շահագործվել, իսկ ինչ ինֆորմացիա ունի նախագծող ընկերությունը, Սուլեյմանովան ասել է, որ քանի որ իրենք չեն սպասարկել ինքնաթիռը, որեւէ մեկնաբանություն անել չի կարող: