Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին և 38-375-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վահան Հովհաննիսյանը, 2013թ. մայիսից հունիսն ընկած ժամանակահատվածում իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ ձեռք բերելով այն մասին, որ Արմեն Ա.-ի (վերջինս որպես սպա ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում) արարքում բացակայում է հանցակազմը, քրեական գործի վարույթը չի կարճել, այլ նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներով հիշյալ քրեական գործի մինչդատական վարույթում իր մտերիմ փաստաբան Ազատ Ա.-ի մասնակցությունն ապահովելու և դրա դիմաց որպես փաստաբանական ծառայության վարձատրություն' հաճախորդի վճարած գումարից մասնաբաժին ստանալու դիտավորությամբ Արմեն Ա.-ին հորդորել է օգտվել վերջինիս ծառայություններից:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արմեն Ա.-ն փաստաբանական ծառայությունների համար վճարել է 200 000 ՀՀ դրամ, որից 55 000-ը տրվել է քննիչ Վահան Հովհաննիսյանին:
Այսպիսով, ՀԿԳ քննիչ Վահան Հովհաննիսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական դրդումներով չարաշահել է պաշտոնեական դիրքը' պատճառելով էական վնաս, որն արտահայտվել է Արմեն Ա.-ի գործի արդարացի քննության իրավունքի խախտումով, ինչպես նաև' ՀՀ պաշտպանության նախարարության քննչական մարմնի հեղինակազրկումով: Վահան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասով:
Վահան Հովհաննիսյանի կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական դիրքը չարաշահելուն և արդյունքում էական վնաս պատճառելուն օժանդակելու համար Ազատ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-375-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: