«Ժողովուրդ» «Երևանի պետական համալսարանի հաշվապահներ Կարինեի և Ռիմայի կողմից բուհի գումարները յուրացնելու փաստի բացահայտումից հետո համալսարանում նոր զարգացումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի բավարարվել միայն հաշվապահներին աշխատանքից հեռացնելով:

 

Նա աշխատանքից ազատել է նաև բուհի երկու գանձապահներ Ռուզաննային և Քնարին: Բայց որպեսզի ակնհայտ չլինի, թե ինչի համար է հեռացրել գանձապահներին, ռեկտորը հրապարակավ այդ քայլը պատճառաբանել է կրճատումների անհրաժեշտությամբ՝ հավելելով, թե բուհին այլևս գանձապահ պետք չէ: «Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ ԵՊՀ-ի գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանի գլխին ևս սև ամպեր են կուտակվել, ու չի բացառվում, որ հաշվապահների կողմից կատարված յուրացումների գործի շրջանակներում պաշտոնանկ արվի նաև նա:

 

Այս քայլերով Արամ Սիմոնյանը փորձում է ապահովագրել իրեն, որպեսզի քննչական մարմինների սլաքը որևէ կերպ չուղղվի իր դեմ։ Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ Արամ Սիմոնյանից, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի էր։ Տեղեկացանք, որ ռեկտորը ՀՀ-ում չէ»,-գրում է թերթը: