Hayeli.am Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը տեսակետ հայտնեց,որ որևէ արտաքին քաղաքական նախաձեռնություն չի կարող վտանգել Հայաստանի անվտանգությունը, վերածվել սպառնալիքի և պետք է հասկանալ՝ ԵՄ հետ տնտեսական հարաբերությունների սերտացումն ի՞նչ էր տալու մեզ:

 

«Ակնհայտորեն, թե՛ Մաքսային միությունը, թե՛ Ասոցացման համաձայնագիրը բացառապես տնտեսական նպատակներ էին հետապնդում: ԵՄ-ն նախընտրելու դեպքում մենք կարող էինք ներդնել տնտեսական մոտեցումներ, որոշումներ կայացնելու այնպիսի փորձառություն, որ հատուկ է Եվրոպային»,- ասաց նա:

 

«Ադրբեջանը, օգտագործելով նավթադոլարները, հսկայական գումարներ է ներդնում իր բանակի ռազմատեխնիկական հագեցվածության համար: Այս դեպքում պատերազմի սպառնալիքները շատ ավելի շոշափելի կդառնան, ուստի անհրաժեշտություն է առաջանում մեր բանակը ևս նույն կերպ զինելու, իսկ դրա ճանապարհը մեկն է՝ հզոր տնտեսություն: Եվրոպական ուղղությունը մեզ համար ներկայանում էր որպես տնտեսությունը զարգացնելու նոր հնարավորությունների աղբյուր, բայց զարգացումները ցույց տվեցին, որ այն դարձավ նաև նոր սպառնալիքների աղբյուր:

 

Ռուսաստանն իր առջև լուրջ աշխարհաքաղաքական ազդեցություն ունենալու խնդիր դրեց. դա սկսեց նախկին ԽՍՀՄ տարածքից: Հայաստանի անվտանգությունն աներկբա է դառնում ՄՄ անդամակցման դեպքում, մենք նաև դինամիկ զարգացող տնտեսություն կարող ենք ձևավորել դրսի շուկայի համար»,- ասաց նա:

 

«Եթե Հայաստանի նախագահը երեք տարի առաջ ասեր՝ «Ոչ մի Մաքսային միություն, ես ընտրում եմ ԵՄ-ն», կարծում եք՝ այս բոլոր պայմանավորվածությունները կլինեի՞ն: Ռուսաստանը պատրաստ եղավ ՄՄ անդամակցման համար վճարել: Նույնն է Եվրոպայի դեպքում»,- ասաց նա:

 

Խոսրով Հարությունյանի կարծիքով պետք է կծել այնպիսի կտոր, որ կարողանան կուլ տալ: Վերջինս կարծիք հայտնեց, որ մինչև նոյեմբեր, այնուամենայնիվ, ԵՄ-ն Հայաստանի հետ կստորագրի ինչ-որ հուշագիր: