Hetq.am Վրաց ուղղափառ եկեղեցին Սամցխե-Ջավախքում որպես իր ունեցվածք է գրանցել, նախնական տվյալներով, 21 եկեղեցի-վանք-մատուռ: Եվ այս ամենի մասին հայկական կողմը որևէ տեղեկություն չի ունեցել: Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթուղթը վկայում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին մատուռների, եկեղեցիների և վանքերի գրանցման գործընթացը սկսել է դեռևս 2009-ից: Սակայն այդ գործընթացը արագացրել է այս տարվա ամռանը՝ գրանցելով մեծ քանակությամբ մատուռներ:

Այդ եկեղեցիների ցանկում են ինչպես վրացաբնակ, այնպես էլ հայաբնակ կամ կիսահայաբնակ գյուղերում գտնվող եկեղեցիներ ու մատուռներ, օրինակ՝ Ախալցխայի շրջանի Վալե գյուղի եկեղեցին: Վալեի Սուրբ Աստվածամայր եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, համաձայն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրության, հռոմեացիների կողմից, այն կաթողիկեներին է եղել:

Վրաց ուղղափառ եկեղեցին գրանցել է Ախալցխայի, Ադիգենի, Ասպինձայի շրջանի որոշ գյուղերում գտնվող մատուռները:

Հիշեցնենք, որ Վրաց ուղղափառ եկեղեցին որպես իր ունեցվածք գրանցել է նաև Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա (որոշ աղբյուրներում՝ Տամալա) գյուղի հայկական Վանք եկեղեցին և Ախալցխա քաղաքում գտնվող Քրոջ և Եղբոր մատուռները: Տամալա գյուղի բնակիչներին զայրացրել է իրենց եկեղեցին վրացականացնելու այս փորձը:

Ախալցխայի հոգևոր տեսուչ, քահանա Տեր Հակոբ Սահակյանը «Հետքին» հայտնեց, որ արդեն երկրորդ նամակն է գրել Ախալցխայի մշակույթի բաժնին' երկկողմանի մասնագետներ հրավիրելու և տեղում ուսումնասիրություն կատարելու պահանջով: Հայր Հակոբին խոստացել են 10-օրյա ժամկետում պատասխան տալ:

Թե ինչ քայլեր են ձեռնարկում ՀՀ մշակույթի նախարարությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հայտնի չէ: Այս հարցի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր դիմել ենք թե մշակույթի նախարարին, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Պատասխանները ստանալու դեպքում դրանք նույնպես կհրապարակենք: