Կառավարության վաղվա նիստի օրակարգում է Հայաստանի և Չերնոգորիայի կառավարության միջև դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարության հարցը, տեղեկացնում է կառավարության կայքը:

Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը և Չերնոգորիան փոխադարձաբար չունեն դիվանագիտական ներկայացուցչություններ միմյանց պետություններում, ինչը բարդացնում է երկու պետությունների դիվանագետների կողմից մուտքի արտոնագրի ձեռքբերումը:

Համաձայնագրի ստորագրումը ուղղված է լրացնելու այդ բացը և, միաժամանակ, նպաստելու Հայաստանի և Չերնոգորիայի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանի Հանրապետությունն ունի դիվանագիտական անձնագրերով մուտքի արտոնագրի պահանջի վերացման վերաբերյալ համաձայնագրեր բազմաթիվ պետությունների, այդ թվում' Եվրոպական Միության անդամ և անդամ չհանդիսացող մի շարք եվրոպական երկրների հետ (Սերբիա, Սլովակիա, Խորվաթիա, Կիպրոս, Լեհաստան, Ֆրանսիա և Շվեյցարիա):

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր, որով, ի թիվս այլ դրույթների, նախատեսվում է վերացնել ԵՄ պետություններ այցելելիս մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար: Հետևաբար, այս Համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է ոչ ԵՄ անդամ Չերնոգորիայի հետ նույնպես հաստատելու դիվանագիտական անձնագրերով մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմ:

Tert.am–ն արդեն տեղեկացրել է, որ ամռան ընթացքում Հայաստանից արտագնա զբոսաշրջության համար հիմնական ուղղություններին գումարվել էր ևս մեկ մոդայիկ ուղղություն դեպի ծովափնյա Չերնոգորիա,քանի որ Եվրոպայի հարավ-արևելյան հատվածում և Բալկանյան թերակղզում գտնվող նախկին Հարավսլավիայից տրոհված երեք պետություններից Մոնտենեգրոն կամ Չերնոգորիան հայ զբոսաշրջիկների համար հետաքրքրիր է այն առումով, որ Միջերկրական ծովափնյա այս շրջաններում հանգիստը կարելի է վայելել առանց շենգենյան վիզա կամ նախապես ազգային վիզա ստանալու:

Ինչպես հայտնում է ՌԴ-ում Չերնոգորիայի դեսպանատան կայքը՝ այս տարվա մայիսի 20-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի քաղաքացիները (ՌԴ քաղաքացիների համար այս կարգը գործում է վաղուց) հնարավորություն ունեն ոչ անձնագրային ռեժիմով, միայն անձնագրերով մուտք գործել այս երկիր: Ինչը չի կարելի ասել Բուլղարիայի մասին, որի վիզա ստանալը ՀՀ քաղաքացիների համար համարվում է բավականին բարդ:

Այս տարի առաջին անգամ բացվեց Երևան–Պոդգորիցա՝ (Չերնոգորիա) շաբաթական 1 անգամ չարտերային թռիչքը: