Ղրղզստանը հերթական անգամ հաստատել է Մաքսային միությանն անդամակցելու իր ցանկությունը և առաջարկել ստեղծել հատուկ հիմնադրամ, որն օգնություն կհատկացնի այն երկրներին, որոնք նման ցանկություն կհայտնեն. այդ մասին Աստանայում հայտնել է Ղրղզստանի վարչապետ Ժանտորո Սատիբալդիևը, գրում է rbc.ru-ն:

«Կցանկանայի հաստատել Ղրղզստանի կառավարության ցանկությունը' հետևել Եվրասիական տնտեսական տարածքին ադամակցելու ուղուն և շարունակել ՄՄ-ը միանալու վերաբերյալ բանակցությունները»,- նշել է վարչապետը:

Սատիբալդիևի խոսքով, Եվրասիական տարածքին անդամակցելու գործընթացները լայն հեռանկարներ են ստեղծում Ղրղզստանի տնտեսության զարգացման համար և թույլ կտան դուրս գալ ավելի ընդարձակ շուկաներ, ավելացնել ներդրումները:

«Մեծ նշանակություն ունի աջակցություն հատկացնելու մեխանիզմի ստեղծումը այն երկրների համար, որոնք ցանկանում են անդամակցել ՄՄ-ին: Գաղտնիք չէ, որ Ղրղզստանում ՀՆԱ-ի մակարդակը մի քանի անգամ քիչ է, քան ՄՄ երկրներում: Նման մեխանիզմ կարող է հանդիսանալ հիմնադրամի կամ զարգացման ինստիտուտի ստեղծումը: Նման մեխանիզմներ գոյություն ունեն աշխարհի բոլոր ինտեգրացիոն միություններում»,- հավելել է Ղրղզստանի կառավարության ղեկավարը: