Tert.am Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Ֆրանսիայի որդեգրած դիրքորոշումը պարզ է. ցանկացած ձևաչափ, ցանկացած ոլորտ, որոնք միտված պետք է լինեն Հայաստանի և Եվրոպական միության կապերի մերձեցմանը, ցանկալի են: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ պատասխանելով ԵՄ-ի և ՄՄ-ի հետ Հայաստանի վարած քաղաքականության մասին տրված հարցին. «Ինչ մնում է Ֆրանսիային, այն մնում է Հայաստանի կողքին՝ օժանդակելու նրան իր ցանկացած որոշման կայացման գործում»:

 

Ուկրաինայի դեպքում «կամ, կամ»-ի սկզբունք չկար, և հարցին, թե Հայաստանի դեպքում արդյոք հնարավո՞ր է լինի, դեսպանը պատասխանեց. «Ամեն ինչ ասացի, բնականաբար, կարող եմ ընդամենն ուղեկցել, օժանդակել Հայաստանին դեպի Եվրոպա տանող ճանապարհի ողջ ընթացքին»:

 

Իսկ հարցին, թե արդյոք դեսպանն անակնկալի եկե՞լ է ՀՀ նախագահի՝ ՄՄ-ին անդամակցելու հայտարարությունից, վերջինս պատասխանեց. «Երևի թե ցանկացած դիվանագետի կոչում առաջին հերթին պետք է լինի անակնկալի չգալ այն ամենից, ինչ ասվում է, ավելի լավ երևի թե չկարողանամ ձեզ ասել»: