ԼՂՀ կառավարության երեկ կայացած նիստում հաստատվեց 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը ներկայացրեց Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը։ Այս մասին գրում է karabakh-open.info-ն:

Նախարարի փոխանցմամբ՝ համախառն ներքին արդյունքի 9 տոկոս աճ է նախատեսվում առաջիկա երեք տարիներին: Իսկ գալիք տարվա բյուջեն պլանավորում են շուրջ 81 միլիարդ դրամի չափով։

Գալիք տարվանից, ինչպես ավելի վաղ նշել էր վարչապետ Արա Հարությունյանը, պետական հիմնարկներում աշխատավարձերի ձևավորման տրամաբանությունը փոխվելու է: Դրա հիմքում կլինի նվազագույն աշխատավարձը, որը 2014-ի հունվարի 1-ից նախատեսվում է հասցնել 50 հազար դրամի՝ ներկայիս 45 հազար դրամի փոխարեն, 2015-ին՝ 55 հազար դրամի, իսկ 2016-ին՝ 62.5 հազար դրամի։ 2014-ին կբարձրանան նաև բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձը' միջինացված 20 տոկոսի չափով։

Վարչապետ Արա Հարությունյանի խոսքով՝ 2014 թվականը, ինչպես և մյուս տարիները, բավականին լարված են լինելու բյուջեն կատարելու համար։ Նա գերատեսչությունների ղեկավաներին կոչ արեց ծախսերը պլանավորելիս հաշվի առնել եկամուտները և չառաջնորդվել «վերմակը դեպի իրեն քաշելու» սկզբունքով։