Ի պատասխան ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչության՝ 2013թ. սեպտեմբերի 26-ին ԶԼՄ-ներով տարածած հայտարարության տեղեկացնում ենք. ՌԴ ԱԴԾ-ի ՀՀ-ում գործող վարչության կողմից ԶԼՄ-ներում տարածված հայտարարությունը՝ գնահատում ենք որպես ապատեղեկատվություն, զրպարտություն, վիրավորանք և կանխամտածված սուտ:

 

«Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանը և նրան ուղեկցող ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, կուսակցության այլ ներկայացուցիչները ՀՀ Սյունիքի մարզում 2013 թվականի սեպտեմբերի 25-ին իրականացրել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված գործունեություն՝ նախընտրական քարոզարշավ: Մինչդեռ ՌԴ ԱԴԾ աշխատակիցները նույն օրը փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհը՝ փաստացի տեղադրելով անցագրային կետ, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ինքնաձիգերով զինված վերահսկողություն իրականցրել, ՀՀ քաղաքացիներից պահանջել իրենց ուղևորության նպատակի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել, կարգադրություններ արձակել, ըանդ որում այդ ամենը արել ՀՀ պետական լեզու չհանդիսացող օտար լեզվով, առանց բացատրությունների խուզարկել մեքենաները, ստուգել անձանց ինքնությունն ու փաստաթղթերը: Ընդ որում այդ ամենը տեղի է ունեցել Իրանի հետ ունեցած Հայաստանի սահմանից ուղիղ գծով հաշվարկելիս շուրջ 30 կիլոմետր հեռավորության վրա և ընթացել առանց ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցության: Հաշվի առնելով սահմանից հեռավորությունը՝ այն չի կարող դիտարկվել սահմանային ռեժիմի խախտման տեսանկյունից:

 

Այսպիսով, ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած ՀՀԿ-ի և նրա առաջնորդի՝ իրեն «գուբեռնատորի» կարգավիճակ նախապատրաստող Սերժ Սարգսյանի վերադաս հանդիսացող ՌԴ ԱԴԾ-ի/ФСБ-ի գործողությունները՝ ուղղված Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության հաղթական քարոզարշավը խոչընդոտելուն ամբողջությամբ ապօրինի են և դատապարտելի: Ըստ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, Ռուսաստանի սահմանապահները պետք է հսկեն ՀՀ սահմանը այլ ոչ թէ Հայաստանի ամբողջ տարածքը: Դժվար չէ կռահել, թե Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում քարոզչության վերջին օրերին «Ժառանգության» քարոզարշավը խոչընդոտելուն եւ բնակչության շրջանում վախի մթնոլորտի սերմանմանն ուղղված հերթական փորձը ում պատվերով է իրականացվել: Ուշագրավ է նաեւ, որ միջադեպին հաջորդած օրը Քաջարան է այցելել Սերժ Սարգսյանը:

 

ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի թեքնածու Սամվել Հայրապետյանի, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանի և ՀՀ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի լրացուցիչ ընտրությունների համար նախընտրական քարոզչություն իրականացնող Ժառանգություն կուսակցության Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի կառույցների ներկայացուցիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը վերը նշված վայրում առաջին անգամ խոչընդոտվել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ի ցերեկը, բացի այդ նրանց նկատմամբ, առանց որևէ պարզաբանման և իրավական հիմքերի ներկայացման, ՌԴ ԱԴԾ-ի կողմից իրականցվել են վերը թվարկված բոլոր գործողությունները՝ անտեսելով նրանց պահանջը՝ տրամադրել պարզաբանում հիմնարար իրավունքների սահմանափակման պատճառների վերաբերյալ:

 

ՌԴ ԱԴԾ աշխատակիցները «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը կրկին խախտել են նույն օրը երեկոյան՝ երբ արդեն տեղեկացված էին նրանց այցի նպատակի մասին: Այս անգամ ևս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների պահանջը՝ տրամադրել պարզաբանում հիմնարար իրավունքների սահմանափակման պատճառների վերաբերյալ ոչ միայն չի հարգվել, այլ դեռ ավելին՝ նրանց նկատմամբ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք և բռնություն, որի հետևանքով շարքից դուրս է եկել Դավիթ Հակոբյանի տեսախցիկը:

 

ՌԴ ԱԴԾ-ի այն պնդումը, թե իբր «երեկոյան ժամը 20-ի սահմանում կանգնեցվել է միայն Զարուհի Փոստանջյանի մեքենան,... Զարուհի Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք ուղղակի իրենց դրսևորել են հանդուգն կերպով, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ», կամ որ իբր «ի հակառակ պատգամավորի պնդումների' սահմանապահ ծառայության աշխատակիցները վիդեոնկարահանման սարքը չեն կոտրել», և վերջապես որ իբր «Զ.Ա.Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել' վիրավորելով սահմանապահներին,... կանխամտածված խոչընդոտել են սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարմանը' կապված սահմանի պահպանության հետ, դրանով իսկ հանցագործների փնտրտուքի և ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով» ոչ այլ ինչ է քան ապատեղեկատվություն, զրպարտություն, վիրավորանք և կանխամտածված սուտ:

 

Մեր զարմանքն է հարուցում նաև այն, որ ՌԴ ԱԴԾ-ն մեղադրում է «Ժառանգության» քարոզչախմբի ներկայացուցիչներին սահմանապահ ծառայություն իրականացնողներին «հրապարակայնորեն վիդեոնկարահանելու» համար: Պարզ չէ, թե ՀՀ ո՞ր օրենքով է արգելված նկարահանել քաղաքացիների հանդեպ իրականացվող գործողությունները, և կամ ինչո՞ւ «Ժառանգության» ներկայացուցիչը պետք է նկարահաներ ոչ-հրապարակայնորեն՝ չտիրապետելով հատուկ ծառայություններին ներհատուկ համապատասխան հմտություններին:

 

Արդեն երեկոյան տեղի ունեցած միջադեպի վայր ժամանած և որպես գնդապետ Միրզոև ներկայացած ռուս սահմանապահների վերադասը «Ժառանգության» ներկայացուցիչներին իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և համոզվելով, որ տեսախցիկը վնասված է՝ առաջարկել հենց տեղում ֆինանսական փոխհատուցում տրամադրել: Սակայն «Ժառանգության» ներկայացուցիչները հրաժարվել են վերցնել նրա առաջարկած գումարը՝ հայտնելով, որ դա պետք է արվի իրավական գնահատական ստանալուց հետո և դրա արդյունքում: Մենք վրդովված ենք, որ ընդամենը մեկ օր անց ՌԴ ԱԴԾ ՀՀ-ում Սահմանապահ վարչության կողմից տարածված հայտարարության մեջ այս ամբողջը ներկայացված է գլխիվայր շուռտված կերպ: ՀՀ սահմանը պահպանելու իրենց ուղիղ գործառույթի իրականացման թերացման արդյունքում ինչ-ինչ սահմանախախտի՝ ՀՀ տարածքում հայտնվելը ՌԴ ԱԴԾ-ին իրավունք չի տալիս սահմանափակելու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները ՀՀ ամբողջ տարածքով մեկ:

 

Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ՌԴ ԱԴԾ-ի/ФСБ-ի կողմից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդեպ այս ապօրինի գործողություններն իրականացրած անձիք պատժվեն Հայաստանի Հանրապետության օրենքների ողջ խստությամբ և անհրաժեշտության դեպքում հասնելու ենք ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

 

«Ժառանգություն» կուսակցություն

 

 

27 սեպտեմբերի 2013թ.: