Աշխարհահռչակ «Մայքրոսոֆթ» ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ «Windows» օպերացիոն համակարգ մուտք գործելու համար ստեղնաշարի «Ctrl-Alt-Delete» համակցությունն օգտագործելը սխալ էր: Այս մասին տեղեկացնում է «Ամերիայի ձայնը»:

Հարվարդի համալսարանում իր ելույթի ընթացքում Գեյթսը նշել էր, որ առկա էր համակարգչին այս գործողությունն իրականացնելու գործառույթը մեկ ստեղնով փոխանցելու տարբերակ, սակայն «Այ-Բի-Էմ» ընկերության ստեղնաշարի դիզայները չէր ցանկացել տրամադրել այս ստեղնը «Մայքրոսոֆթ»-ին:

«Պետք է ունենալ հնարավորություն՝ ստեղնաշարով իրականացնելու այնպիսի գործողություն, որը կապված է ծրագրաշարի շատ խորը մակարդակների հետ, իրականում՝ ներկառուցված է սարքի մեջ, որի միջոցով հնարավոր կլինի կանչել նախատեսված օպերացիոն համակարգը, այլ ոչ թե անիմաստ մի ծրագիր. այս գործողությունը պետք է կարողանա ցուցադրել մուտքի էկրան, որտեղ այն կկարողանա «լսել» ձեր գաղտնաբառը, ապա իրականացնել համապատասխան գործողությունը»,- ասել է «Մայքրոսոֆթ»-ի հիմնադիրը՝ խոստովանելով, որ այս նպատակով «Ctrl-Alt-Delete»-ի օգտագործումը սխալ էր:

Ստեղնաշարի «Ctrl-Alt-Delete» համակցությունը հնարած դիզայներ Դեյվիդ Բրեդլին ասել է, որ չնայած ինքն է հնարել «Ctrl-Alt-Delete» համակցությունը, «սակայն Բիլն այն հանրահայտ է դարձրել»: Ստեղնաշարի համակցությամբ հնարավոր է նաև վերագործարկել համակարգիչը: Բրեդլին սակայն ասել է, թե չգիտի ստեղնաշարի ստեղների այս համակցության օպերացիոն համակարգ մուտք գործելու համար օգտագործման պատճառը: