Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը հայտարարել է, թե եվրոպացիները գալու են մեր դուռն ընկնեն, մենք ենք իրենց պետք, որովհետեւ Եվրոպան խորտակվում է եւ գալիս է, որ մենք իրենց բարձրացնենք, չթողնենք խորտակվի։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Կարելի է չկասկածել, որ Ֆլեշի Բարսեղն իսկապես մեծահոգի կգտնվի եւ կփրկի Եվրոպան։ Բայց հարց է ծագում՝ արդյոք կկարողանա՞ միայնակ գլուխ բերել այդ գործը, թե՞ անհրաժեշտ կլինի նաեւ Սամվել Ալեքսանյանի եւ, ասենք, «Յոնջլախ պլյուս» տաքսի-ծառայության օգնությունը։ Չնայած խնդիրը միայն տնտեսապես փրկելու մասին չէ։ Եթե անգամ «Ֆլեշ» բենզալցակայանների ցանցը Եվրոպական բանկին մի 300 մլրդ եվրոյի վարկ տա, դրանով հարց չի լուծվի։ Բայց Եվրոպան խորտակումից փրկելու այլ ձեւեր էլ կան։ Օրինակ՝ Լիսկային կարելի է նշանակել Հաագայի միջազգային դատարանի նախագահ, Շմայսին՝ Լուվրի գիտական տնօրեն, իսկ ինքը՝ Ֆլեշը, թող ղեկավարի Քեմբրիջի եւ Օքսֆորդի համալսարանների ընդունելության հանձնաժողովները։ Հո չե՞նք թողնի «ծերուկ Եվրոպան» վերջնականապես դեգրադացվի»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):