panorama.am Երևանի կենդանաբանական այգին կառուցվել է դեռևս 1941-ին և հիմնական շենք-շինությունների կառուցումն ավարտվել է 1950-ականներին: Այդ ժամանակվանից սկսած այգում մեծամասշտաբ հիմնանորոգում չի իրականացվել: Այգու առավել խոշոր կառույցը, որն ունի նաև ճարտարապետական կարևոր նշանակություն, համարվում է փղի ձմեռանոցը: Այն արդեն փլուզման վտանգի տակ էր. Գրանդ փիղը գրեթե ամեն օր կոտրում էր դռները, պոկվում էին նաև սալաքարերը: Այս ամենից բացի, վտանգված էր փղի խնամողների անվտանգությունը, քանի որ բացակայում էր ոչ կոնտակտային շփման միջոցները:

Կենդանաբանական այգու մամուլի ծառայության տեղեկացմամբ, Գրանդ փղի ձմեռանոցի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2013-ի հունիսին և ավարտվել են օգոստոսի վերջին: Այդ հարցում Երևանի կենդանաբանական այգուն աջակցել է «Գրանդ Քենդի» ընկերությունը:

Նախկին ձմեռանոցը հիմնանորոգվել է: Տեղադրվել են նոր ճաղեր, ինչպես նաև հատուկ դռներ' փղի անվտանգ խնամքն իրականացնելու համար: Ձմեռանոցն ունեցել է նոր պատուհաններ, որտեղից բնական լույս է թափանցում կենդանու կեցավայր: Տեղադրվել է ջեռուցման նոր համակարգ, որը թույլ է տալիս փղի զբոսանքը կազմակերպել նաև ձմռանը: Ձմեռանոցում լուծվել է նաև տաք ջրի հարցը:

Սրան զուգահեռ անցկացվել է նոր կոյուղագիծ, որի բացակայության պատճառով կենդանաբանական այգուց մշտապես տհաճ հոտ էր գալիս, ինչը հարուցում էր այցելուների արդարացի դժգոհությունը: Տեղադրվել է նաև օդափոխության նոր համակարգ և կառուցվել է նոր տանիք:

«Եթե վերցնենք եվրոպական չափանիշները, դեռ անելիքներ կան և ուրախ ենք, որ շարունակելու ենք համագործակցությունը Գրանդ Քենդի ընկերության հետ»,- իր խոսքում նշել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Փղի ձմեռանոցի հիմնանորոգումը նախատեսվածից ավելի երկար տևեց, քանի որ ընթացքում պարզվել է, որ ավելի հզոր, ավելի կայուն մետաղական կոնստրուկցիաներ են անհրաժեշտ ձմեռանոցի վերանորոգման համար:

Ռ. Խաչատրյանի խոսքով, հավանաբար ավելի հեշտ կլիներ նոր շենք կառուցել, բայց քանի որ սա ճարտարապետական կարևոր նշանակություն ունի մեզ համար կարողացանք հին շենքը պահպանելով'ամբողջովին հիմնանորոգել այն:

Նշենք, որ ընդհանուր առմամբ ծախսվել է ավելի քան 20 միլիոն ՀՀ դրամ: Առաջիկայում կենդանաբանական այգին նախատեսում է ավելացնել փղերի քանակը, ուստի ապագայում տարածքների մեծացման անհրաժեշտություն է առաջանալու: Ըստ աղբյուրի, այս առումով «Գրանդ Քենդի» ընկերությունը կշարունակի իր համագործակցության ծրագիրը' Երևանի կենդանաբանական այգու հետ: