Hetq.am Սեպտեմբերի 30-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կհաստատեն նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված գլխավոր դատախազի թեկնածությունը: Հիշեցնենք, որ նախագահը գլխավոր դատախազի պաշտոնում տեսնում է գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշում է, որ Ազգային ժողովը մեր երկրում, ցավոք սրտի, ձեւական մարմին է, ուստի արդեն իսկ պետք է հասկանանք, որ մեր մյուս գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն է:

«Դա օբյեկտիվ իրականություն է: Ո՞վ կարող է հիշել մի դեպք, երբ ԱԺ-ն մերժած լինի նախագահին կամ կառավարությանը կամ առհասարակ իշխանության վերնախավից եկող ցանկացած վերջնական քննարկված դիրքորոշմանը: Երևի ոչ ոք: Էլ չեմ խոսում, թե ինչպես է ընտրվում ԱԺ-ն»,- ասում է Տիգրան Աթանեսյանը:

Նա Գեւորգ Կոստանյանի ապագա գործունեության մասին չի ցանկանում ժամանակից շուտ դատողություններ անել. «Կապրենք կտեսնենք»:

Փաստաբանը նշում է, որ ոչ ոք երբեւէ չպետք է ասի' ափսոս, որ Աղվան Հովսեփյանը հեռացավ գլխավոր դատախազի պաշտոնից: «Աղվան Հովսեփյանը կրում է 2008 թ. մարտի 1-ից հետո իրականացված ռեպրեսիաների պատասխանատվությունը, եւ եթե հաջորդ գլխավոր դատախազը գործի այնպես, որ մարդիկ ասեն' Հովսեփյանն ավելի լավն էր, ապա պատկերացրեք, թե ինչ սարսափելի վիճակում կգտնվի մեր առանց այդ էլ խիստ թույլ եւ անարդար իրավապահ համակարգը»,- նշում է փաստաբանը:

Ինչ վերաբերում է միասնական քննչական մարմին ստեղծելուն, փաստաբանը դրական է վերաբերում: Նրա խոսքերով' քննչական միասնական մարմի ստեղծելը շատ հին գաղափար է, այն կար դեռեւս խորհրդային տարիներին:

«Քննիչը, լինելով նախաքննություն իրականացնող պետական պաշտոնատար անձ, գտնվելով ոստիկանության, ՊԵԿ-ի, ՊՆ-ի կազմում, վարչական առումով ենթարկվում է իրենից կարգավիճակով ցածր հետաքննության մարմնին, մինչդեռ օրենքով կարող է տալ պարտադիր հանձնարարություններ այդ մարմնին: Թերեւս սա ընդամենը մեկ դրական կողմն է, կան շատ այլ կողմեր եւս: Քննիչը, լինելով փաստացի հետաքննության մարմնի ենթական, հաճախ ստիպված է լինում կոծկել տարբեր տեսակի ապօրինություններ, որոնք կատարվում են հետաքննության մարմնի կողմից, իսկ եթե քննիչները լինեն լրիվ անկախ, ապա նման «աշխատանքային» անհրաժեշտություն չի լինի եւ դա կստիպի հետաքննության մարմիններին, մասնավորապես, ոստիկանությանը լինել ավելի զգոն օրենքը պահպանելու հարցում»,- կարծում է Տիգրան Աթանեսյանը: