Սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Թենգիզ Շարմանաշվիլին և Հայաստանում իր առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել գնդապետ Մուրթազ Գուջեջիանիի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը' մեր երկրների ռազմական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաև երկու երկրների միջև ստորագրված պաշտպանական ոլորտին առնչվող ծրագրերը:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ հայ-վրացական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին արդյունավետ ծառայության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: