ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին՝ հրաժարվելու նոր կենսաչափական անձնագրերից: Այս մասին Tert.am -ին տված մեկնաբանություններում հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հրաժարվել նոր անձնագրերից, գնում են իրենց անձնագրային բաժին, խնդրում են տալ այն դիմումի ձևը, որ իրենք հրաժարվում են այդ համարանիշից: Ստորագրում եք այդ թուղթը, տալիս իրենց ու ստանում եք տեղեկանք, որ դուք հրաժարվել եք»,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը՝ կրկնելով, որ օրենքը դա թույլ է տալիս:

Հիշեցնենք, որ 2014թ-ի հունվարի 1-ից նախատեսվում է ՀՀ-ում գործող հին անձնագրերը հանել շրջանառությունից, ինչի մասին հայտնել էր անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Մնացական Բիչախյանը՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութում:

Վերջինս բացատրությամբ՝ հին անձնագրերը կպահպանեն իրենց վավերականությունը մինչև վավերականության ժամկետի ավարտը, սակայն դրա լրանալուց և օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տվյալ անձը այլևս չի կարողանալու ստանալ հին անձնագիրը»,- ասել էր Մնացական Բիչախյանը:

«Հին անձնագիրը ուժի մեջ է և ՛Հայաստանում , և ՛ արտասահմանում»,- հայտարարեց Խաչիկ Ստամբոլցյանը՝ ավելացնելով, որ օրենքի կոպիտ խախտում կհամարի, եթե որևէ մեկը որևէ մեկին պարտադրի ստանալ կենսաչափական անձնագիրը:

«ԱԺ-ի կողմից հաստատված օրենքի մեջ գրված է՝ կամավոր: Պարտադիրը հանված է բոլոր կետերից: Երեք օրենքում էլ գրված է կամավոր, պարտադրանք կիրառել ոչ մեկ իրավունք չունի»,- մեկնաբանեց Խաչիկ Ստամբոլցյանը, ով նոր անձնագրից հրաժարվել է և ապագայում էլ հրաժարվելու է:

Հիշեցնենք, որ հիմնական առարկությունը վերաբերում է նոր կենսաչափական անձնագրում, նույնականացման քարտում հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվելու դրույթին:

Խաչիկ Ստամբոլցյանն ընդգծեց, որ ինչպես բոլոր էլեկտրոնային սարքերում այնպես էլ այս փաստաթղթերում առկա է չիպ, որի աշխատանքը հիմնված է սատանայի թվի՝ 666-երի հիման վրա:

«Այդ երեք 6-ը Ավետարանի մեջ են գրված, որ դա սատանայի դրոշմի թիվն է, գրված է, որ գալու է ժամանակ, որ դրոշմ պիտի դրվի: Հիմա դա փաստաթղթային է, հետագայում կլինի այնպես, որ դրվի մարդու մարմնի մեջ՝ ձեռքին կամ ճակատին: Արդեն դա կա աշխարհում»,-ասաց Խաչիկ Ստամբոլցյանն ու ավելացրեց. «Ու խնդիրը ոչ թե հենց այդ 666 թիվն է, թեև այնպես չէ, որ եթե երեք 7 լիներ վտանգավոր չէր լինի, ոչ , ուղղակի կրկնում եմ՝ աշխատանքը հիմնված է այդ երեք 6-երի հիման վրա , քանի որ այդ թվերը քո անձնական կյանքը ամբողջությամբ կարող են հանել ջրի երես. բոլոր էլեկտրոնային սարքերը առանց այդ 6-երի չեն կարդացվի: Դրանք մեքենային կարդալու հնարավորություն են տալիս: Շտրիխ կոդերի մեջ էլ կա այդ երեք 6-երը»,- նկատեց խաչիկ Ստամբոլցյանը:

Նա ի լրումն զգուշացրեց, որ Աստված զգուշացրել է ՝աշխարհը գնալու է գլոբալիզացիայի և ողջ մարդկությունը վերահսկվելու է: