Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մկրտությունը լայն և բացասական արձագանք ունեցավ գիտակից հանրության շրջանում: Դա առաջին դեպքը չէր, երբ որևէ մկրտության կամ պսակադրության արարողությունից առաջ Հայ առաքելական եկեղեցու դռները փակվում են' ներսում աշխարհիկ իմաստով տոնական մթնոլորտ ստեղծելու համար:

 

Դժվար է ասել, թե առաջին անգամ երբ է նման դեպք տեղի ունեցել, սակայն Հայաստանում սա նոր երևույթ է, նախկինում նման բաներ չէին լինում և չէին կարող լինել: Պատկերացնել կարելի է, թե երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ հայրապետն ինչպե՞ս կարձագանքեր նման փաստերին: Վստահաբար կարող եմ ասել, որ նա խիստ նկատողություն կաներ տվյալ եկեղեցու հոգևորականներին և քայլեր կձեռնարկեր հետագայում նման անընդունելի գործողությունները չկրկնվելու ուղղությամբ:

 

Մինչդեռ ներկայիս կաթողիկոսի համար թերևս բարեպաշտ հավատացյալի նկատմամբ կատարված նման ոտնձգությունները, այսինքն աղոթել ցանկացող մարդուն եկեղեցի մտնելը արգելելը, վտանգավոր չի թվում: Իրականում դա դատապարտելի արարք է, և կաթողիկոսը կամ համապատասխան եկեղեցական պաշտոնյաները պարտավոր են ըստ այնմ գնահատել այդ արարքը, որպեսզի այլևս նման բաներ չկրկնվեն:

 

Իհարկե, մի քիչ ուշացումով, սակայն շատ տեղին էր վերջին եպիսկոպոսաց ժողովի այն որոշումը, որ այսուհետ բոլոր եկեղեցիներում մկրտության ծեսը կկատարվի միօրինակ բնագրով, ավելի ուրախացնող է այն, որ մշակվում է մկրտությանն առնչվող հարցերի ուղեցույց եւ խրատական-ուսուցողական ձեռնարկ: Շատ լավ կլինի, եթե այդ ձեռնարկի հրատարակումը չուշանա, և մկրտության պատրաստվող անձինք, նրանց կնքահայրերն ու ծնողներն առավելագույնս տեղեկացված լինեն մկրտության ու դրոշմի խորհրդի մասին:

 

Բացառված չէ, որ եթե «դռնփակեք»-ի կազմակերպիչները գիտակցեին ու անկեղծ հավատով մոտենային մկրտության խորհրդին, ապա այդ հրաշալի արարողությունը նրանց համար նույնպես ընդունելի կլիներ իր պարզության մեջ և իրենց նմանօրինակ «ճոխություններից» զերծ կպահեին:
Այլ խոսքով, այդ միջադեպի համար մեղավոր էին միայն նրանք, ովքեր պարտավոր էին և իրավունքն ունեին կանխելու այն: 

 

 

 

Տեր Մանուկ քահանա Մնացականյան