tert.am Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ԱԺ պատգամավորներից Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ նրանց տեսակետի մասին իր հարցման շրջանակներում ստացել է ինչպես կողմ» և «դեմ», այնպես էլ անորոշ պատասխաններ: Այս մասին հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքը, որն ամփոփել է վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովից ստացված պատասխանները:

Վանաձորի ՀՔԱ գրասենյակին պատասխանած 17 պատգամավորներից, ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության 8 պատգամավորներ կողմ են արտահայտվել միացմանը, այդ թվում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահագն Մաքսուդյանը:

5 պատգամավոր դեմ է արտահայտվել Մաքսային միությանը, այդ թվում՝ «Ժառանգություն»-ից 2, «Հանրապետական» և՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներից 1-ական, ինչպես նաև անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները դեռևս չեն հստակեցրել իրենց կարծիքը, քանի դեռ տեղյակ չեն անդամակցության փաստաթղթերից: ՀՔԱ գրասենյակը նշում է. «Օրենսդիր մարմնի մի խումբ ներկայացուցիչներ ուղղակի պատասխանի փոխարեն հղում են կատարել իրենց հրապարակային ելույթներին կամ ֆեյսբուքյան գրառումներին։ Սակայն, այդ աղբյուրների ուսումնասիրությունից դժվար է լինում որոշակի պատկերացում կազմել իրենց դիրքորոշումների մասին»:

Ձեռնպահ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 2 պատգամավորները՝ Վահան Բաբայանը և Տիգրան Ուրիխանյանը, անորոշ պատասխաններ են տվել մեկական պատգամավորներ «Հանրապետական» և «Ժառանգություն» խմբակցություններից: