Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը տարածաշրջանում բարձր սակագնով և շահավետ պայմաններով սկսել է խաղողի մթերման լայնածավալ աշխատանքները: Ինչպես և խոստացվել էր, վաղահաս խաղողի մշակմամբ զբաղվող գյուղացիներն այս տարի իրենց բերքն առավել շուտ մթերելու հնարավորություն են ստացել:

 

Ավանդույթի համաձայն «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այցելեց Նոր Ամասիայում և Մասիսում գործող մթերման կենտրոններ՝ խաղողագործներից անձամբ տեղեկանալու մթերման ընթացքի մասին և լսելու նրանց առաջարկներն ու մտահոգությունները:

 

Գյուղացիները դեռևս չեն մոռացել այն դժվարին օրերը, երբ չարաբաստիկ կարկուտի հետևանքով կորցրեցին իրենց բերքի ահռելի մասն ու հուսալքության գիրկն ընկան: Գագիկ Ծառուկյանն առաջիններից էր, ով եկավ և օգնելու անկեղծ պատրաստակամություն հայտնեց: Հենց այդ օրն էլ հանձնարարվեց սեղմ ժամկետներում հակակարկտային կայաններ տեղադրել կարկուտից առավել շատ տուժած գյուղերում: Խոստումը կյանքի կոչվեց սպասվածից էլ շուտ:

 

Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս անգամ կոմբինատի կողմից մթերվելու է խաղողի բերքի անգամ ամենավերջին հատիկը: Գյուղացիներից և ոչ ոք բերքի իրացման խնդիր չի ունենալու: Հանդիպման ժամանակ գյուղացիները նշեցին, որ երախտագիտություն հայտնելու համար բառեր չեն գտնում:

 

«Ես ձեզանից մեկն եմ, ձեր հոգսերն ու խնդիրները նաև իմն են»,-իր խոսքում ընդգծեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ մշտապես պատրաստ է իր ուսերին վերցնել գյուղացու ծանր ու դժվարին հոգսը: