«Համաներումը երկրում ներողամտության, հանդուրժողականության և քրիստոնեական արժեքների ամրապնդման  վառ վկայությունն է: Ինքնին համաներման ակտը միայն ու միայն դրական է՝ թե քաղաքական, թե՛ հասարակական շրջանակների համար»,-այսօր Ազգային ժողովում հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված հարցերի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը կարևորեց նախագծի երկրորդ կետի հինգերորդ և վեցերորդ ենթակետերը, որոնք վերաբերում են Հայրենական, ինչպես նաև ՀՀ-ի և ԼՂՀ-ի պաշտպանության համար մղված պատերազմի մասնակիցներին: Շարմազանովը կարևորեց նաև այն փաստը, որ այս համաներումը պետք է տարածվի այն անձանց ընտանիքների անդամների վրա, ովքեր զոհվել ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության համար մղված պատերազմներում: Է. Շարմազանովը Արդարադատության նախարարին հարցրեց՝ արդյոք կա՞ վիճակագրություն, թե այս կետերով որքան ազատամարտիկներ են ազատ արձակվելու:

Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ այս պահին հայրենական պատերազմի մասնակից չկա ձերբակալված, չկա նաև վիճակագրություն, թե այս խումբն առանձին որքան մարդ է կազմելու, սակայն նախարարը կփորձի վիճակագրություն ստանալ ու ներկայացնել: