Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Հայաստանում 60 տարեկանից բարձր է բնակչության 14.4 տոկոսը:
Այսօր ծերերի միջազգային օրն է ։ «Ա1+»-ը փորձեց պարզել, թե տարեց մարդիկ մեր երկրում ինչպես են ապրում ու ինչ խնդիրներ ունեն։

Վոլոդյա Ավագյանը թոշակի անցնելուց հետո չի աշխատել։ Տարիքին հարմար զբաղմունք չի գտել։ Ասում է՝ պարապ ժամանակը միայն նարդի խաղալով է անցկացնում։ Վոլոդյա պապի խոսքերով՝ շատ բան է փոխվել աշխարհում.«Մարդն իր տեղը չունի մեր երկրում, տարիքով մարդու ասածը թշնամու խոսքի տեղ են ընդունում», - նկատում է նա։
«Տարիքով մարդուն պետք է տեղ տան, ձրի բուժեն, շատ թոշակ տան, էսօր պետությունը չգիտի՝ մենք երկրի երեսին կանք, թե չէ», - նշեց 74-ամյան գետաշենցին։

Այն, որ հոկտեմբերի մեկը տարեցներին օրն է՝ Վոլոդյա պապը չգիտեր.« Էդ օրն ում ա պետք, որ մեր կյանքում դրանից բան չի փոխվում», - զարմանքով ասաց նա։

Տարեցների օրվա մասին չգիտեր նաև Սվետլանա Մակյանը։ Նրա խոսքերով՝ մեծի նկատմամբ հարգանք չկա. «Ավտոբուսում նստած սկի տեղ չեն տալիս, էնա, որ 60-ն անցնում էս՝ էլ բանի պիտանի չես», - մտահոգ է կինը։

78- ամյա Սեդա Բաբաջանյանն արդեն տասը տարի է՝ միայնակ է ապրում։ Միայնակ կյանքից չի դժգոհում, միակ որդին հիմա ընտանիքի հետ Մոսկվայում է. «Ժամանակը փոխվել ա, երեխեն, որ ամուսնացավ՝ էլ տերը չես,. ծնողի հետ էլ չեն ուզում ապրեն, մեծը բեռ է դարձել», - մտահոգվում է տարեց կինը։ Չնայած տարիքին՝ աշխատելու եռանդը դեռ չի կորցրել. «Մի փոքր հող եմ մշակում՝ իմ ապրուստը հոգում, 23000 դրամ թոշակն ինչ է, որ մարդ սրանով ապրի»,- ասաց Սեդան։

Զրուցակիցներս մտահոգված են, որ պետությունն իրենց նկատմամբ հոգ չի տանում։

Նշենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ պետության պարտավորությունները տարեցների նկատմամբ գնալով ավելանում են: Այժմ նոր ռազմավարություն է մշակվում, նոր ծրագրեր կան։

Հիշեցնենք, որ համաձայն ՄԱԿ-ի կանխատեսումների, մինչև 2050 թվականը Հայաստանում 60-ից բարձր տարիքային խումբը կկազմի 31.5 տոկոս։