Մենք կամավոր, գուցե ակամայից թույլ ենք տվել, որ երկու ուժային կենտրոններ՝ Ռուսաստանը և Եվրամիությունն իրենց քաղաքական հաշիվները մաքրեն մեր տարածքում: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Եվ այս առումով դարձել ենք այս երկու ուժերի ազդեցության գործակալը: Մենք մերժեցինք ԵՄ համաձայնագրի նախաստորագրումը' չիմանալով, թե էդ փաստաթուղթը ինչի մասին է, և Հայաստանում արդեն հստակ բանակներ ձևավորվեցին և սկսեցին «կողմ» և «դեմ» խոսել այդ փաստաթղթին՝ չիմանալով դրա բովանդակությունը» ,-հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:

Նա ավելացրեց, որ սեպտեմբերի երեքից հետո, երբ հստակ էր ուղղությունը, սկսեցին նույն կերպ վարվել Մաքսային միության հետ կապված:

«Ո՞վ է այն քաղաքական գործիչը, որը հստակ կարող է ասել, որ անպայման կլինի այս Մաքսային միությունը: Դուք գիտե՞ք, որ Ղազախստանի Սահմանադրական դատարանն այսօր քննարկում է իր քաղաքական ուժերի կողմից ներկայացված հայց, որ Եվրասիական միության կանոնադրությունը հակասում է իրենց Սահմանադրությանը»,-ավելացրեց «Ժառանգության» պատգամավորը:

Նա ավելացրեց, որ Մաքսային միությունում եղած երկրներն են այսօր ներկայացնում Ադրբեջանի շահերը և խիստ մեծ կասկած հայտնեց, որ այդ միությունում Հայաստանը կարող է հաջողություն ունենալ:

Դիմելով քաղաքական մեծամասնությանը՝ Ռուբիկ Հակոբյանը նկատեց, որ նրանց ելույթները լսելիս տպավորություն ունեն, որ իրենք են ուզում իրենց համոզել, որ ՄՄ-ն շատ լավն է:

«Եկեք առաջ չընկնենք և ազդեցության գործակալ չդառնանք այլ պետությունների համար»,-իր ելույթը նման կոչով ամփոփեց Ռուբիկ Հակոբյանը: