Արևմուտքն անհանգստացած է այն փաստով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի' Բաքու կատարած այցի արդյունքները գաղտնի են պահվում, ինչը վկայում է այն մասին, որ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի ղեկավարի առաջարկած պայմանները: Դիվանագիտական աղբյուրներին հղում կատարելով' «Ազադլիգը» հաղորդում է, որ Արևմուտքի համար ամենակարևոր փաստը Մաքսային և Եվրասիական Տնտեսական Համագործակցություն մուտք գործելու վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն է: Ադրբեջանի մասնակցությունն այդ ծրագրերում չի բխում Արևմուտքի շահերից:

Չնայած Ադրբեջանը բացահայտ կերպով չի ցուցադրում այդ կազմակերպություն մուտք գործելու իր ձգտումը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանի վրա գործադրվող ճնշման դադարեցումը կասկածների տեղիք է տալիս, և Արևմուտքը Բաքվից պահանջում է այդ հարցի կապակցությամբ հստակ դիրքորոշում հայտնել:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը և արգործնախարար Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ի հետ պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկել են տվյալ հարցը և խնդրել են Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին սպասվող նախագահական ընտրությունների կապակցությամբ ավելի մեղմ դիրք գրավել: Նշվում է, որ ադրբեջանցի պաշտոնյաները որոշակի խոստումներ են տվել, որոնք, ընդհանուր առմամբ, գործի չեն դրվել' նկատի ունենալով նախընտրական գործընթացի վերաբերյալ ԱՄՆ-ի հետագա արձագանքը: Դրա ապացույցն է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի և ԵԱՀԿ-ում այդ երկրի ներկայացուցչի հայտարարությունը Ադրբեջանում խոսքի ազատության խիստ ճնշման և կասկածելի նախընտրական մթնոլորտի մասին:

Դա Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքների հնարավոր մերժման վերաբերյալ ակնարկ է: Դա մի կողից կապված է ժողովրդավարության աջակցման, իսկ մյուս կողմից' Ռուսաստանի առաջարկության վերաբերյալ Ադրբեջանի անորոշ դիրքորոշման հետ: Պաշտոնական Բաքուն զգուշանում է նախագահական ընտրությունների նախօրեին իր դիրքորոշումը բարձրաձայնելուց, քանի որ կարող է հայտնվել Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ: «Այդպես, Ադրբեջանի իշխանությունը հայտնվել է երկընտրանքի առջև. ԱՄՆ-ն և Ռուսաստանը չգիտեն, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից»,- գրում է «Ազադլիգը»: