2013 թվականի սեպտեմբերի 30-ին կայացավ «Արդար Վրաստան» քաղաքական կուսակցության նախագահության թեկնածու Սերգո Ջավախիձեի ծրագրի շնորհանդեսը:

Հատկանշական է, որ նախընտրական ծրագրում, որի կարգախոսն է «Մեր պետությունը – մեր ընտանիքն է», ընդհանրապես չի արտացոլվում երկրի ազգային փոքրամասնությունների խնդիրը և համապատասխանաբար առկա դժվարությունների հաղթահարման ուղիները: Ավելին, «Միություն» տեղեկատվական կենտրոնի հարցին, թե նախընտրական ծրագրում ինչու՞ տեղ չի գտել ազգային փոքրամասնությունների խնդիրը և ընդհանրապես նախագահության թեկնածուն ի՞նչ կարծիքի է երկրի ազգային փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների մասին, պարոն Ջավախիձեն պատասխանեց այսպես (ներկայացնում ենք առանց խմբագրության).

-Կարևորագույն խնդիրներից մեկն է: Հատկապես ուշադրություն կհատկացնեմ Քվեմո Քարթլիին և Սամցխեին, քանզի հայտնի է, որ հենց այդ տարածաշրջաններում են բնակվում ամենաշատ թվով հայեր և ադրբեջանցիներ, որոնք անջատողական կամ այլ արտաքին ուժերի միջամտությամբ կարող է վտանգ ներկայացնեն Վրաստանի համար: Դրա փորձեր եղել են մի քանի անգամ՝ կրոնական կամ տարածքային պատճառներով: Այդտեղից ելնելով, մեր ծրագրում ունենք փոխանակման ծրագրեր ուսանողների համար:

-Դուք նշեցիք, որ եղել են անջատողականության փորձեր: Կխնդրեինք որևէ կոնկրետ օրինակ բերել:

-Այսօր, Իվանիշվիլու կառավարման ժամանակաշրջանում, հնարավոր է դեռ չի գրանցվել նման դեպք, սակայն երբ Եվրախորհրդարանում և Եվրախորհրդում լուրջ հայտարարություններ էին արվում, շատ հաճախ «Ջավախք» կազմակերպության ներկայացուցչությունը Ռուսաստանի հրամանատարությամբ որոշ քայլեր էր անում... Հիշու՞մ եք, երբ ինչ որ ինքնավար կարգավիճակ էին պահանջում և երբ Եվրամիության ներկայացուցիչները ժամանել էին Վրաստան և մեզ առաջարկում էին պարզեցված վիզային ռեժիմ... Հենց այդ ժամանակ Ռուսաստանը Սամցխեին, Նինոծմինդային և Ախալքալաքին առաջարկեց պարզեցված վիզային ռեժիմ, հենց դրանից հետո «Ջավախք» կազմակերպությունը արեց հայտարարություն, որը հետագայում մեկնաբանեց Պուտինը: Չէ՞ որ սա արվեց հայերի և մեր հարաբերությունների միջև լարվածություն առաջացնելու համար: Ուստի, հենց այն մարդկանց, Ախալքալաքցիներին և Նինոծմինդացիներին, ովքեր ավելի հակված են դեպի Երևանը, օրինակ ուսանողներին պետք է տեղափոխել Թբիլիսի և օգնենք մասնակցել փոխանակման ծրագրերին: Միայն կարտոֆիլ բերելը չէ կարևոր...

-Եվրոպական կառույցներ անդամագրվելու ժամանակ Վրաստանը մի քանի պարտականություն է ստանձնել՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման տեսանկյունից, որոնք մինչ օրս մնում են չիրականացված: Պատրաստվու՞մ եք թե՞ ոչ աջակցել այդ պարտականությունների իրականացմանը:

-Իհարկե, սա շատ կարևոր հարց է, սակայն բոլոր այն պահանջները, որոնք ներկայացնում է Եվրամիությունը, անպայման պետք է համաձայնեցվի վրաց հասարակության հետ: Հիշու՞մ եք, թե ինչպես արձագանքեց ժողովուրդը կրոնական խոստովանություններին:

Հասկանալի է, որ երբ նախագահության թեկնածուն խոսում է այն մասին, որ կոնկրետ պարտականությունների կատարումը կամ չկատարումը «պետք է համաձայնեցված լինի վրաց հասարակության հետ», տրամաբանորեն մենք, հայ և ադրբեջանցի քաղաքացիներս այդ «հասարակության» մասնիկը չենք, քանի որ առաջին հարցին պատասխանելու ժամանակ նա հստակ արտահայտեց իր հայացքները այն մասին, թե ի՞նչ է նշանակում ազգային փոքրամասնությունների խնդիր: