Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այլևս չի լինի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

 

«Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն' այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից՝ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց:

 

Նաև ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք:

 

Հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի է ենթակետը' հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ և մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը: